Լրահոս

02.11.2011 08:08


ՀՀ Միգրացիոն պետական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Նիդերլանդներ

Հոկտեմբերի 31-ից նոյեմեբրի 1-ը Նիդերլանդների Ներքին գործերի նախարարության Վերադարձի եւ մեկնման ծառայության հրավերով Հաագայում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաեւ միգրացիայի ոլորտի պատասխանատուները ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Նիդերլանդների Ներքին գործերի նախարարության Վերադարձի եւ մեկնման ծառայության գլխավոր տնօրեն Ռոդիա Մաասի, Իմիգրացիայի հարցերով գլխավոր տնօրեն Լոյս Մուլդերի, Իմիգրացիայի եւ հպատակեցման ծառայության գլխավոր տնօրեն Ռոբ վան Լինթի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին միգրացիայի ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր:

Հոլանդական կողմը բարձր գնահատեց Հայաստանի հետ այս ոլորտում ձեւավորված օրինակելի համագործակցությունը, հայկական կողմի բաց ու կառուցողական դիրքորոշումը, ծագած խնդիրներին համապարփակ եւ մարդու իրավունքներից բխող լուծումներ տալու մոտեցումը, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում հատկապես անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերի վրա:

Հայկական կողմն իր հերթին կարեւորեց տարիների ընթացքում ձեւավորված համագործակցային դաշտի պահպանումը, խորացումն ու ընդլայնումը` հաշվի առնելով Հայաստանի` ԵՄ հետ այս ոլորտում վերջին զարգացումները. օրերս ստորագրված Շարժունակության շուրջ գործակցության համաձայնագիրը, ԵՄ Ասոցիացման համաձայնագրի շուրջ եւ ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի դյուրացմանն ուղղված բանակցությունները:

Այս խորագրի վերջին նյութերը