Լրահոս

01.11.2011 17:11


Սաուդյան Արաբիայի թագավորը Ահմադինեժադին հրավիրել է հաջ կատարելու

Սաուդյան Արաբիայի թագավորը Ահմադինեժադին հրավիրել է հաջ կատարելու

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հրավիրել է Մեքքա՝ հաջ կատարելու: Այդ մասին տեղեկացնում է «The Daily Star»-ը` հղում անելով Էր Ռիյադում Իրանի դեսպան Մոհամեդ Հոսեյնիին:

Դեսպանը հավելել է, որ Իրանի առաջնորդը հրավերն ընդունել է և հաջորդ շաբաթվա սկզբին ժամանելու է Սաուդյան Արաբիա:

Ավելի վաղ Ահմադինեժադն ասել էր, թե ցանկանում է ուխտագնացություն իրականացնել Մեքքա, սակայն սուրբ վայրեր կգնա միայն այն դեպքում, եթե իրեն հրավիրի Սաուդյան Արաբիայի թագավորը:

Իր հերթին ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով Իրանի նախագահի խորհրդական Ալի Աքբար Ջվանֆեքրը հայտարարել է, թե սա աննախադեպ երևույթ է: Նրա խոսքերով՝ Ահմադինեժադի այդ այցը «կլինի կարևորագույն ուղենիշ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»:

Հիշեցնենք, որ այս ամենին նախորդել է վարկաբեկիչ մեծ միջադեպ, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները բացահայտել էին, որ իրանցիները մտադրվել էին սպանել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդել ալ Ջուբեյրին: Այդ միջադեպը սառեցրեց երկու երկրների միջև հարաբերությունները։ Ընդ որում՝ երկու երկրները ՄԱԿ-ում բողոքեցին միմյանց դեմ, Էր Ռիյադը՝ մահափորձի համար, իսկ Թեհրանը` զրպարտելու: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ի նկատի ունենալ, որ Իրանը և Սաուդյան Արաբիան համարվում են գլխավոր մրցակիցներ Պարսից Ծոցում: Տարածաշրջանում առաջնություն ունենալու համար նրանք պայքար են մղում ոչ միայն կրոնական (Իրանը՝ շիաական, իսկ Արաբիան՝ սուննիական), այլ նաև քաղաքական ու ռազմական բնագավառներում:

Այս խորագրի վերջին նյութերը