Լրահոս

01.11.2011 17:04


Վարդան Օսկանյան. «Պետք է իրերին և իրողությանը բաց աչքերով նայել»

Գյումրիում այսօր խոսելով  ներքաղաքական զրագացումների մասին՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը նշել է, թե վերջին 20 տարում այնպիսի քաղաքական մշակույթ է ձևավորվել, որը չի նպաստում մեր երկրի զարգացմանը, և այսօր հնարավորություն է ստեղծվել դա փոխելու։

–Այսօր ստեղծված պայմաններում, երբ մի կողմից ձևավորվել են մի քանի ծանրակշիռ կուսակցություններ և ունեն ժողովրդական աջակցություն, որոնք կարող են ընտրությունների ժամանակ մրցակից լինել իշխող կուսակցությանը, իսկ մյուս կողմից էլ Հայաստանում ստեղծված սոցիալ–տնտեսական ծանր վիճակը չի նպաստում իշխող կուսակցության հեղինակությանը, որևէ մեկ կուսակցության համար շատ դժվար կլինի մեծամասնության ստանալ խորհրդարնում,-ասել է Վարդան Օսկանյանը:

Խոսելով կոալիցիայի ներսում առակա տարաձայնությունների հավանականության մասին՝ Վարդան Օսկանյանը ստեղծված իրավիճակում այն բնական է համարել։

–Հատկապես այս օրերին, երբ երկրի սոցիալ–տնտեսական վիճակը շատ ծանր է, համատարած անարդարություն է, բազմաթիվ խնդիրներ կան, արդյունքներ չկան: Եվ այս պայմաններում ակնկալել, թե բոլորը պետք է ծափահարեն իշխող կուսակցությանը և ասեն, որ ամեն ինչ ճիշտ ու լավ է արվում, կարծում եմ՝ անհասկանալի կլինի,-նշել է ՀՀ նախկին արտգործնախարարը:

Նա նաև ավելացրել է, որ Հանրապետական կուսակցությունը խանդով է վերաբերվում ԲՀԿ-ի և այլ կուսակցությունների առաջընթացին: Իսկ հարցին, թե ՀՀԿ-ին ինչն է խանգարում՝ վարկանիշ ձեռք բերել և հասարակության մեջ իր հեղինակությունը բարձարցնել, Վ. Օսկանյանը պատասխանել է.

-Պետք է իրերին և իրողությանը բաց աչքերով նայել, չփորձել վատը լավ ներկայացնել։ Պետք է կարողանալ ձախողումներն ընդունել, որպեսզի կարողանաս դրանց լուծումներ տալ: Երբ որ ակնհայտորեն ինչ–որ բաներ ճիշտ ճանապարհով չեն գնում, երբ տնտեսական վիճակը ծանր է, դու փորձես ասել, թե՝ «ոչ, ճիշտ չէ, բոլորդ սխալ եք, մենք գիտենք, ամեն ինչ լավ է, նորմալ է», դա վարկանիշ չի բերի, որովհետև մարդիկ ամեն ինչ լավ տեսնում են: Ո՞նց կարող է քաղաքացին սղաճը չզգալ, ո՞նց կարող է չզգալ, որ գնողունակությունը ընկել է, որ աղքատության մակարդակը Հայաստանում բարձարցել է և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը