Հարցազրույց

01.11.2011 10:55


Արա Նռանյան

Արա Նռանյան

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի հետ

–Հոկտեմբերի 30–ին տեղի ունեցավ ՀՀԿ տնտեսական խորհրդաժողովը, որը մի քանի ժամ շարունակ ցուցադրվում էր նաև ուղիղ եթերով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս համաժողովը, և արդյոք սա արդեն բացահայտ նախընտրական քարոզչություն չէ՞ր։

–Հայաստանում վաղուց ամեն ինչ արվում է բացառապես ընտրությունների համար: Մեր հասարակությունն ապրում է ընտրությունից ընտրություն: Ընտրություններում հաղթողն ամբողջ ղեկավարման շրջանում մտածում է՝ ինչպես է պահելու իշխանությունը, իսկ պարտվողներն անմիջապես անցնում են հաջորդ ընտրությունների պատրաստության: Այդ պատճառով մեր երկրում բազմաթիվ խորքային և լուրջ հարցեր չեն լուծվում: Մարդիկ գալիս են իշխանության ոչ թե ազգային և պետական խնդիրներ լուծելու, այլ իշխանություն պահելու: Եվ իշխանություն լինելու ժամանակ զբաղված են ոչ թե պետություն կառուցելով, այլ սեփական դիրքերն ամրապնդելով: Այս տրամաբանության մեջ կարելի է բացատրել գրեթե ողջ քաղաքական դաշտի մասնակիցների գործողությունները: Պոպուլիզմը խեղդել է գրեթե բոլորին թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում: Բացառություն է կազմում հավանաբար միայն ՀՅԴ: Ցավով պետք է արձանագրեմ, որ համակարգաստեղծ և պետականաստեղծ քաղաքական ուժի առկայությունը պահանջված չէ համընդհանուր պոպուլիզմում: Այնինչ ակնհայտ է, որ այս իրավիճակի փոփոխությունը և երկրի ապագայի հանդեպ հասարակության ավելի պատասխանատու կեցվածքը կարող է մտցնել այն անհրաժեշտ բեկումը, որը հարկավոր է Հայաստանն այս անդունդից հանելու համար:

-Իսկ համաժողովի մասով ի՞նչ կասեք։

-Ինչ վերաբերում է հենց այս տնտեսական խորհրդաժողովին, ապա ուզում եմ կարևորել այն, որ կառավարության ղեկավարը վերահաստատեց հավատարմությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի, 2008թ. կոալիցիոն հուշագրի և կառավարության գործունեության ծրագրի դրույթներին: Իսկ արդյոք հաջողե՞լ է կառավարությունն այդ ծրագրային փաստաթղթերի կատարման գործում՝ հայտնի է բոլորին:

Լրիվ այլ արդյունք կլիներ, եթե ծավալվեր անկեղծ խոսակցություն տնտեսական քաղաքականության վերաբերյալ ասելիք ունեցող բոլոր մասնագետների մասնակցությամբ: Լավագույն որոշման կայացումը պահանջում է քննադատությունը լսելու և ընդունելու ունակություն: Այլակարծության հանդեպ հանդուրժողականությունն արդյունավետ կառավարման պարտադիր նախապայմանն է:

–Եթե 0–5 բալ սանդղակով գնահատելու լինեք ՀՀ կառավարության գործունեությունը, ի՞նչ գնահատական կտաք։

Ի՞նչ գնահատական կարող է տալ ՀՅԴ-ն, որը դուրս է եկել այս կառավարության կազմից: Ի տարբերություն շատերի՝ մենք կառավարության հետ ունենք գաղափարախոսական տարաձայնություններ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ արտաքին հարաբերություններից մինչև սոցիալ-տնտեսական քաղաքականություն:

–ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ով չմիանա ՀՀԿ–ին, կհայտնվի կոտրած տաշտակի առջև։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ենթատեքստ ուներ այս հայտարարությունը, և ինչո՞ւ հետո վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանմամբ հանդես եկավ՝ պնդելով, թե Տիգրան Սարգսյանին ճիշտ չեն հասկացել։

Այս հայտարարությունից հետո շատ քննարկվեց հարցը, թե ում էր այն ուղղված: Ինձ համար միանշանակ է, որ այն ուղղված էր բոլորին: Սա իշխանության իրական մտածելակերպի դրսևորումն է, որը հանգեցրել է հասարակական հարաբերությունների համատարած այլասերման: Այն պայմաններում, երբ ժողովրդավարական պետություններում խրախուսվում է քաղաքական կուսակցությունների գործունեությունը, կարևորվում ընդդիմության դերը, ապահովվում են հակակշիռներ, Հայաստանում ամրապնդվում է միաբևեռ քաղաքական համակարգը: Եվ այդ միաբևեռության, եթե կուզեք՝ «տաշտակի» քաղաքականության հետևանքն է, որ իշխող քաղաքական կուսակցությունը համալրվում է այլ կուսակցություններից փախած «առնետներով», կարիերիստներով, կաշառակերներով, հարկերից խուսափող օլիգարխներով, անգաղափարական և գողական տարրով և այլն: Չէ՞ որ հենց այդ տարրն է առավել մոբիլն ու «ճարպիկը» կերակրատաշտին հասնելու հարցում: Դո՞ւր է գալիս դա իշխող կուսակցության գաղափարական անդամներին: Չեմ կարծում: Սակայն հետևություններ այս վիճակից պետք է անեն հենց իրենք: Այդ հայտարարությունն իսկապես ունի հակաժողովրդավարական էություն և չի նպաստում քաղաքական համակարգի առողջացմանը: Իշխանությունը լավն է, երբ չի վախենում կորցնել իշխանությունը: Իսկ այդ վախը մեր իշխանավորները դեռ չեն հաղթահարել: Իսկ եթե ուզում են դա անել, ապա պետք է ընկալեն, որ երկիրը բոլորի՛նն է, ոչ միայն իշխանավորներինը: Իշխանությունը բոլորի իշխանությունն է, այդ թվում՝ ընդդիմադիր զանգվածի: Եվ բյուջեն միայն իրենցը չէ: Այն ձևավորելու գործում ավանդ ունեն երկրի բոլոր քաղաքացիները: Բյուջեն պետք է ծառայի ոչ թե իշխանության վերարտադրությանը, այլ երկրի բոլոր քաղաքացիների խնդիրների լուծմանը:

–Ինչո՞վ էր պայմանավորված, Ձեր իսկ բնորոշմամբ՝ տնտեսական ծրագրերում ձախողված վարչապետի նման հայտարարությունը։

Ո՛չ, ես չեմ ուզում նման հայտարարություն անելու արտոնություն տալ նաև հաջողություններ արձանագրած կառավարության ղեկավարին: Իսկ եթե հաջողություններ լինեն, ուրեմն ի՞նչ: Ընդդիմախոսներ չլինե՞ն, քննադատողներ չլինե՞ն, բոլորը գնան ու միանան իշխանությա՞նը: Սա արդեն բոլշևիզմ է, որի մտածելակերպից ոչ մի կերպ հայկական քաղաքական վերնախավն ազատվել չի կարողանում: Եվ ի՞նչ կապ ունի այս ամենը ժողովրդավարական պետություն կառուցելու հետ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը