Լրահոս

31.10.2011 14:42


Ի գիտություն Խորհրդին և հանրությանը

Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվ. թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար նոյեմբերի 2-ին, ժ.1600-ին կայանալիք մրցույթի հայտարարության մեջ նշված է ոչ թե տվյալ դպրոցի հասցեն, ինչպես մյուս դպրոցների դեպքում, այլ…160 դպրոց: Ենթադրելով, որ գործ ունենք ինչ-որ “պատահական” վրիպակի  հետ  և համոզված չլինելով, որ նշյալ հասցեով նամակ  ուղարկելիս այն կգտնի հասցեատիրոջը,  հաստատության կառավարման խորհրդին  եմ ուղղում հետևյալ հարցերը լրատվության  միջոցով,  որոնց շուրջ խորհելը միգուցեև  նշանակություն ունենա Խորհրդի ընդունելիք որոշման համար: Գիտե՞ք  արդյոք, որ.

1. 2008թ. սեպտեմբերից առայսօր դպրոցի գործող տնօրեն Ռուզաննա Ազիզյանի կատարած ապօրինությունների դեմ ընդհանուր թվով ութ ուսուցիչների կողմից նամակներ են հղվել տարբեր ատյանների և լրատվամիջոցների, և որ այդ ութ ուսուցիչներից այսօր դպրոցում աշխատում է միայն մեկը:

2. 2008թ.հոկտեմբեր. Լ. Մարգարյանի  այն հարցին, թե ի՞նչ հիմունքներով են աշխատավարձի 1 տոկոսը իրենցից գանձում, եթե արհկոմը օրինական չէ, տնօրենը փորձում է  ապացուցել հակառակը և ներկայացնում   մեկուկես էջանոց մի անկապ տեքստ` որպես կանոնադրություն, սակայն  տեսնելով, որ դա հավատ չի ներշնչում,  հոկտեմբերի 24-ին հրավիրում է խորհրդակցություն, ապա վերաորակավորում այն որպես  արհկոմի ժողով և  վարում այն` խախտելով օրենքի ամենատարրական պահանջները,  ինչի արդյունքում նախագահ է “ընտրվում” Ժենյա Սարգսյանը: Դատարանում հետո  պիտի պարզվեր, որ արհկոմիտեն պետական գրանցում է ստացել միայն 2009թ. հունվարի 27-ին, այն էլ ընթացակարգի կոպիտ խախտումներով:

3. 2008թ. նոյեմբերի սկզբին Կրթության պետական տեսչությունը կատարում է առաջին ստուգումը  և իհայտ բերում առաջին խախտումները, սակայն ուսուցիչների ամենամեծ ձեռքբերումն այն է լինում, որ տնօրենը հարկադրված աշխատողներին է վերադարձնում աշխատանքային պայմանագրերի երկրորդ` աշխատողներին պատկանող օրինակները, որոնք ապօրինաբար պահում էր իր մոտ դրանց ստորագրման  պահից: Պայմանագրերին ծանոթանալուց հետո  ուսուցիչները պարզ տեսնում են, որ բացի պարտականություններից ունեն նաև իրավունքներ, և որ տնօրենն էլ, բացի իրավունքներից, ունի նաև պարտականություններ:

4. 2008թ.տարեվերջյան մանկխորհի ընթացքում, երբ արդեն տնօրենն ապօրինաբար ազատել էր զրպարտագրեր ստորագրելուց հրաժարվող ուսուցիչներ Ն. Եղիազարյանին և Գ. Բարսեղյանին,   Լ.Մարգարյանը և Մ. Իսպիրյանը բացահայտ քննադատության են ենթարկում տնօրենի կամայական գործելակերպը: Վերջինս, չկարողանալով որևէ կերպ հակադարձել քննադատությանը, կատարում է իր  հերթական սուտ հայտարարությունը` ասելով, թե Լ.Մարգարյանը և Մ. Իսպիրյանը ազատված են աշխատանքից:

5. 2009թ. հունվարին, Կրթության պետական տեսչությունը  կատարում է երկրորդ ստուգումը` արձանագրելով բազմաթիվ խախտումներ  և հաշվի առնելով նաև այն, որ տնօրենը հրաժարվում էկատարել իրենց կողմից տրված պարտադիր հանձնարարկանները` աշխատանքում վերականգնել Ն. Եղիազարյանին և Գ. Բարսեղյանին, պաշտոնապես դիմում են քաղաքապետին` քննարկելու Ռ. Ազիզյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

6. 2009թ.  հունվար. Ազիզյանը բացատրագիր է ներկայացնում Տեսչությանը, թե Լ. Մարգարյանի և Մ. Իսպիրյանի ազատման վերաբերյալ հայտարարությունն արել է, քանի որ բարկացած է եղել, չնայած որ, իբր իր տրամադրության տակ է եղել արհկոմիտեի և նախապես ստեղծված ինչ-որ հանձնաժողովի որոշումներ, սակայն 2010թ. հոկտեմբերին կայացած (արդեն չորրորդ դատական գործով) նիստում խոստովանեց, որ ոչ  արհկոմիտեի և ոչ էլ նախապես ստեղծված հանձնաժողովի որևէ որոշում չի եղել, այսինքն`  ստել էր թե ՜ ողջ կոլեկտիվի  առաջ  և թե ՜ Տեսչությանը տված տեղեկանքում:

7. 2009թ. փետրվար. Չորս ուսուցիչներ պատվիրված նամակով դիմում են Ազիզյանին` պահանջելով ներկայացնել իրենց աշխատավարձերի վերաբերյալ` աշխատանքային օրենսգրքի 193 հոդվածով նախատեսված` գործատուի կողմից պարտադիր տրվող հաշվարկային թերթիկներ: Տնօրենը դժկամությամբ տալիս է  մեկ-երկու հաշվարկային թերթիկ, որից պարզ է դառնում, որ առնվազն  Լ. Մարգարյանի աշխատավարձը  պակաս է հաշվարկվում 2270 դրամի չափով:

8. 2009թ. հունիս. Գրեթե բոլորից աշխատանքային պայմանագրերը զանազան սուտ պատրվակներով ետ վերցնելուց հետո, դրսևորելով բացարձակ խտրականություն, տնօրենը 5 օր շարունակ թույլատրում է բոլոր ուսուցիչներին շուտ տուն գնալ, բացի Լ. Մարգարյանից  և սկսում է ճնշումներ բանեցնել նրա նկատմամբ, ընդհուպ  մինչև ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ. “Բոլորը կանգնած են, ասում են մի հատ էլ խոսի`(Լիլիան) գլուխը ջարդելու ենք, հիմա ասեմ` գլուխդ կջարդեն…”

 

9.  2010թ. ապրիլին Լ. Մարգարյանը չորրորդ անգամ է  դիմում Ժ. Սարգսյանին արհկոմի կանոնադրության մեկ օրինակի տրամադրման պահանջով և  դարձյալ ստանում է  “Քեզ չի հասնում”  սպառիչ պատասխանը: Վերջին մերժումը  պատճառ  է դառնում ԵՄԴ0378/02/10 և ԵՄԴ0752/02/10 դատական  գործերին, որի արդյունքում  նախ` արհկոմը տրամադրեց կանոնադրության մեկ օրինակը,  ապա`  ժ. Սարգսյանին դատարանը պարտավորեցրեց դատարանի դահլիճում ներողություն խնդրել Լ.Մարգարյանից   իր արած մի շարք վիրավորական արտահայտությունների համար: Ներողություն խնդրելու  գործընթացի վերաբերյալ դատարանի որոշումը  ներկա պահին գտնվում է ԴԱՀԿ կատարողական վարույթի փուլում: Այնուհետև  դատարանը պարտավորեցրեց ուսուցիչներին հերքում տպագրել Ազիզյանին ուղղված  քննադական մի քանի լրատվական  հոդվածների  վերաբերյալ, սակայն Լ. Մարգարյանը և Լ. Սիմոնյանը գտնելով, որ խախտվել է ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված իրենց արդար դատաքննության իրավունքը, 29.08.2011թ. բողոքով դիմեցին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան:  24.09.2011թ. Եվրոդատարանից ստացվել է  պատասխան, որ գործն ընդունվել է վարույթ` N0 55943/11(Margaryan and Simonyan v. Armenia): Հանգամանորեն տես lragir.am կայք` 01.10.2011թ. “Հերքում+” հաղորդագրությունը:

 

10. 01.12.2010թ. կայացած ԵՄԴ0644/02/10 գործի դատաքննության ընթացքում, դատավորի այն հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ուսուցիչները սկսեցին իր դեմ բողոքներ գրել,  Ազիզյանը պատսխանեց, թե բողոքները սկսվեցին իր` “Մեսրոպ Մաշտոց” շքանշանին արժանանալու հաջորդ օրվանից, (որից երևի թե դատավորը պարտավոր էր եզրակացնել, թե ինչ նախանձոտ և չուզող մարդիկ են այդ ուսուցիչները), սակայն շուտով պարզվեց, որ Ազիզյանը ցուցմունք տալիս պարզապես երևակայության գիրկն էր ընկել, և որ ոչ մի շքանշան էլ նա չէր ստացել: Նույն դատական նիստում դատավորի այն հարցին, թե վերադասի կողմից ինքն ինչպիսի՞ վերաբերմունքի է արժանացել, Ազիզյանը ցուցմունք տվեց, թե  Հանրապետության նախագահի կողմից ստացել է պատվոգիր, սակայն երբ պահանջեցինք ներկայացնել, պարզվեց, որ իր ստացածը ոչ թե պետական, այլ կուսակցական պարգև է եղել:

11. Դատարանում սուտ ցուցմունք տալու գործում տնօրենից ետ չմնաց տնօրենի թիմի “բռունցքը”` նախկին և ներկա փոխտնօրենները և արհկոմի նախագահը, որոնցից յուրաքանչյուրը ևս հանդես եկավ մեկ-երկու սուտ ցուցմունքով, սակայն դատավորը գթառատ գտնվեց ինչպես տնօրենի, այնպես էլ նրանց հանդեպ և անհետևանք թողնելով օրենքից բխող մեր միջնորդությունները`  յուրատեսակ համաներման արժանացրեց  նրանց:

Ելնելով վերոգրյալ` չափազանց սեղմ շարադրանքից և ղեկավարվելով առողջ բանականությամբ, առաջարկում եմ. հարգելի Խորհուրդ, եթե ցանկանում եք, որ հաստատությունում ասվի մի բան, բայց արվի ընդհակառակը, և որ կրթության դրվածքը դպրոցում գնալով վատանա կամ ավելի ու ավելի վատանա, ապա` վկայակոչելով նշանակալի ներդրումներն ուղղված դպրոցի շինության շարունակաբար կատարվող հիմնանորոգումներին, անսալով “ամբողջ կոլեկտիվի” միակարծիք և յոթանասունից ավելի ստորագրություններով սրբագրված պնդումներին, փորձելով կյանքի կոչել միայն “վեհ” գաղափարներ` միաձայն կերպով ընտրեք Ռուզաննա Ազիզյանին` որպես միակ և անփոփոխելի  տնօրեն:

Դպրոցի նախկին ուսուցիչներ Լ. Մարգարյանի, Մ. Իսպիրյանի և Լ.Սիմոնյանի ներկայացուցիչ`   Մարգար Մախսուդյան

Այս խորագրի վերջին նյութերը