Լրահոս

31.10.2011 13:50


Ռեֆորմի արդյունքւոմ ուսանողները խմբերով են արտագաղթում

Ռեֆորմի արդյունքւոմ ուսանողները խմբերով են արտագաղթում

Ինչպես հիշում ենք, 2010 թվականի գարնանը ՀՀ Կառավարությունը, փոխելով իր քաղաքականությունը, կրկնակի պակասեցրեց մագիստրոսական և ասպիրանտական` բանակից տարկետմամբ տեղերը: Այն ժամանակ ուսանողները (նաև ձեր խոնարհ ծառայի նախաձեռնությամբ) բարձրացան բողոքի: Կազմակերպեցինք երթեր, ցույցեր և այլ ակցիաներ ու դրանք շարունակվում էին այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանը չսկսեց ապօրինաբար արգելել դրանց անցկացումը:

Այն ժամանակ ակտիվիստներով հանդիպեցինք կրթության նախարար Աշոտյանին, ով, ի թիվս այլ չինովնիկների, պնդում էր, որ այդ կրճատումը հետապնդում է ոչ թե բանակի 200-300 հոգով համալրում, այլ արդարության մթնոլորտի հաստատում: Այսինքն` դեմն է առնում այն մարդկանց, ովքեր գնում են մագիստրատուրա ու ասպիրանտուրա` միայն բանակից խուսափելու համար:

Թեև այդպիսի մարդկանց դեմ պայքարելը արդարացված է, բայց ոչ այդ եղանակով, քանի որ հայտնի «խնամի/ծանոթ/բարեկամ/կաշառք» մեխանիզմով մագիստրատուրա ու ասպիրանտուրա ընդունվողները (որոնք հետո գիտությամբ չեն զբաղվելու) միևնույնն է ընդունվելու էին (և դա այդպես էլ եղավ), իսկ այն ուսանողները, ովքեր պետք է կոռուպցիայի կողմից ձեռք չտրված տեղերով ստանաին վաստակած հաջորդ մակարդակի ուսումը, չստացան այն (քանի որ կառավարությունն կրճատեց տեղերը): Այսինքն, ստացվեց հակառաը. ուզում էին (եթե, իհարկե ուզում էին) պայքարել անարդարության դեմ, բայց հարված հասցրեցին արդարության մնացորդներին «хотели как лучше, а получилось как всегда»:

Սակայն, իրականում, ստեղծված վիճակը էլ ավելի անընդունելի է: Բանն այն է, որ Հայաստանում բավականին ուժեղ դպրոց ունեցող բնագիտական ոլորտի ուժեղ ուսանողների համար միշտ էլ հնարավոր էր ուսումը շարունակել արտասհմանում: Սակայն, շատերը չէին գնում դրան, քանի որ արտասահման դիմելն ու ընդունվելը բավականին դժվար և ջանջալ գործ է, իսկ մնալով Հայաստանում, որպես կանոն, այդ ոլորտի ուժեղ ուսանողները ստանում էին իրենց վաստակած մագիստրոսական ու ասպիրանտական տեղերը (բնագիտության ոլորտում կոռուպցիան շատ ցածր մակարդակի վրա է):

Բայց վիճակը էականորեն փոխվեց, երբ կրճատվեցին տարկետմամբ տեղերը: Բոլոր ուժեղ ուսանողները, ովքեր տեսնում էին, որ կանգնած են բանակ գնալու եզրին, ջանք չէին խնայում` դիմելու արտասահմանյան բուհեր: Արդյունքում նախկին տարեկան մի քանի ուսանողի փոխարեն արտասահման սկսեցին «գաղթել» տասնյակներով (եթե ոչ հարյուրներով): Արտագաղթի կուլիմինացիոն մի օրինակ եղավ այս տարի, երբ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի հատուկ (ուժեղ ուսանողներից հավաքված) խումբը համարյա ամբողջ կազմով (ընկերովի) ընդունվեց ու գնաց ուսումը շարունակելու Ցյուրիխի «ETH» համալսարանում:

Այսինքն, մագիստրոսական և ասպիրանտական բանակից տարկետմամբ տեղերի կրճատմամբ հայրենի կառավարությունը ո'չ նպաստեց արդարությանը, ո'չ բանակը գիտության հաշվին համալրեց 200-300 տղայով, այլ նպաստեց աշխարհի մի շարք բուհերին` ուսանողների հոսքով: Ավելորդ է ասել, թե որքան է ընկել Հայաստանում սովորող ուսանողների միջին կրթական մակարդակը այդ ռեֆորմից հետո, քանի որ լավագույնների հեռանալու արդյունքում այն շեշտակիորեն ընկել է (ու շարունակում է ընկնել):

Նույն կերպ ավելորդ է խոսել, թե ինչպիսի հարված է հասցվել Հայաստանում (դեռևս աշխարհահռչակ) բնական գիտություններին: Սակայն է'լ ավելի դաժան հարված է հասցվել դեմոգրաֆիային (որակապես), քանի որ ընկնում է ազգի միջին ինտելեկտուալ մակարդակն ու կրթական ցենզը: Բացի այդ, առողջ հասարակության սերուցքը հենց գիտնականների դասակարգն է, որի չափն ու որակը իշխանությունները հաստատակամորեն (տարբեր ռեֆորմներով) պակասեցնում են:

Հ.Գ. Ստեղծված իրավիճակում ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել ուսանողներին, քանի որ այդ մարդիկ հետապնդում են բավականին բնական` ուսում ու այնուհետև արժանավայել աշխատավարձ ստանալու նպատակ: Մեղավորը, անշուշտ, իշխանությունն է, ով պետք է ստեղծի համապատասխան պայմաններ ապագա (ու ներկա) գիտնականների գործունեության համար, իսկ անում է, փաստացի, հակառակը:

Դանիել Իոաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը