Լրահոս

31.10.2011 00:04


Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Հոկտեմբերի 29-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

Համաժողովին Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:

Նախարար Նալբանդյանը դատապարտեց Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ արեց միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ:

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրեց հաջորդ տարի նշվելիք Հայկական գրահրատարակչության 500-ամյա տարեդարձի եւ Երեւանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման շրջանակներում նախատեսվող միջոցառումների մասին եւ հրավիրեց Իրինա Բոկովային այդ կապակցությամբ այցելել Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը