Կարծիք

29.10.2011 09:39


ՕԵԿ-ում նարդի ե՞ն գլորում

ՕԵԿ-ում նարդի ե՞ն գլորում

Երևում է վարչապետ Սարգսյանի «կոտրված տաշտակը» դեռ շատ ջուր է տանելու: Մի նայեք, որ ավելի շատ աղմկեցին այն ուժերն ու գործիչները, որ ՀՀԿ-ի հետ չեն եւ չեն էլ ծրագրում ՀՀԿ-ի հետ լինել` չնայած Տիգրան Սարգսյանի կուսակցաշինական ինքնագործունեությանը: Դուք կոալիցիայի ներսը նայեք ու կտեսնեք, որ վարչապետի հայտարարությունից ավելի խիստ վիրավորված են կոալիցիոն գործընկերները: Շատ էլ չեն խոսում, բայց հո պահվածքներից պարզ երևում է: Դիցուք ԲՀԿ-ի մասին չէ խոսքը: Տիգրան Սարգսյանի հայտարարությունը վերջին հաշվով պայմանավորված էր նաև այդ կուսակցության անհնազանդ կեցվածքով: Վարչապետն ինչպե՞ս կարող էր կուլ տալ, օրինակ, ԲՀԿ ական պատգամավորի հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը օրինագծի փոխարեն ԱԺ է ներկայացրել ախմախություն: Տեղի ունեցածն ընդամենը մի շտրիխ է այն բուռն խոսակցությունների ֆոնին, թե ԲՀԿ-ն նույնիսկ պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ իր հայտարարությամբ վարչապետ Սարգսյանը մի հուսահատ ճիգ գործադրեց իրավիճակը փրկելու համար, բայց, ավաղ, չստացվեց եւ հիմա այն բումերանգի պես հարվածում է ոչ միայն վարչապետի կուսակցությանը, այլև կոալիցիոն մյուս գործընկերներին:

Ասա` «քո ի՞չ գոչծ` զբաղվել պոլիտիկա», մեծարգո վարչապետ: ՕԵԿ-ն, օրինակ, ի՞նչ մեղք էր գործել, որ միամիտ տեղը ընկավ բումերանգի բերանը: Լրագրողները նույնիսկ դադարել էին հարցեր տալ ՕԵԿ-ականներին, որովհետև վերջիններս ինչ ասում էին, ստացվում էր, որ կրկնում են հանրապետականների ասածները: Համարյա նույնացել էին ու մեկ էլ այսպիսի զուլում` ով մեզ հետ է լավ կլինի, իսկ ով չէ` երեք մատի կոմբինացիա:

Վարչապետի այս հայտարարության հաջորդ օրն իսկ ՕԵԿ խմբակցության անդամները չեն ներկայանում ԱԺ ճեպազրույցներին: Ինչո՞ւ: Արդյոք պատճառն ա՞յն էր, որ նախորդ ճեպազրույցներին լրագրողները բոյկոտել էին ՕԵԿ-ի հետ հարցուպատասխանն ու որևէ հարց չէին ուղղել Հեղինե Բիշարյանին` ցանկանալով հասկացնել նրան, որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն արդեն ստացել են «Հանրապետականից»: Եթե այո, ապա Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ ՕԵԿ խմբակցությունն այլևս չպիտի ներկայանա բրիֆինգներին, որովհետև բացառված չէ, որ լրագրողները նույն կերպ վարվեն նաև հետագայում, քանի որ առնվազն մինչև 2012թ. խորհրդարանական ընտրություններ ոչ ՕԵԿ-ի կարգավիճակը կփոխվի, ոչ էլ ՀՀԿ-ի ասելիքը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, վարչապետի հայտարարությո՞ւնն էր պատճառը: Ի վերջո կոալիցիայի համար, ավելի ճիշտ` ՀՀԿ-ի համար դժվար չէր ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցներվ ՕԵԿ-ի համար հարցուպատասխան կազմակերպելը: Ինչո՞ւ ոիրեմն ՕԵԿ-ը չներկայացավ եւ առավել խորացրեց լրատվական բլոկադան:

Վիրավորակա՞ն է արդյոք Տիգրան Սարգսյանի հայտարարությունը ՕԵԿ-ի համար: ՕԵԿ-ականներին եթե հարցնես` միաբերան կպնդեն` ոչ, վիարավորական չէր: Թույլ տվեք, սակայն, չհամաձայնել նրանց հետ: Նրանց բացասական պատասխանն այս դեպքում կվկայի այն մասին, որ նույնիսկ իրենք են մոռացել, որ առանձին կուսակցություն են: Բայց մի՞թե դա այդպես է: ՕԵԿ-ը գործող կոալիցիոն հուշագրի իրավահավասար կողմ է եւ իշխանություն, ինչպես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Վարչապետը, սակայն, լինելով այդ կոալիցիայի պաշտպանած թեկնածուն, չգիտես ինչ հաշվարկներից ելնելով, հանկարծ հանդես է գալիս բացառապես ՀՀԿ-ի անունից եւ բոլորին կոչ անում լինել ՀՀԿ-ի հետ: Իսկ ինչպե՞ս վարվեն մյուս ուժերն ու գործիչները, որոնք, ասենք, իշխանամետ լինելով, կցանկանային միանալ ԲՀԿ-ին կամ ՕԵԿ-ին: Վարչապետի արածն արդեն իսկ հուշագրի խախտում է, որով, եթե չենք սխալվում, նաև ՀՀԿ-ն է պարտավորվել իր գործընկերների հաշվին չբարելավել սեփական դիրքերն ապագա ԱԺ-ում: ՕԵԿ-ն այստեղ իրոք մտորելու բան ունի, այնպես չէ՞…

Կուզե՞ք հարցին մոտենանք մեկ այլ կողմից: Ի՞նչ է ստացվում` ՕԵԿ-ը, որ բոլորից շուտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, դա արել է ոչ թե համոզմունքով այլ նրա համար, որ իր գործերը լա՞վ լինեն: Չէ՞ որ վարչապետն ասում է` ով ՀՀԿ-ի հետ լինի, նրա համար լավ կլինի, իսկ մյուսները կմնան ձեռնունայն: Այո, ստացվում է, որ եթե ՕԵԿ-ն ընդունակ չէ վիրավորվելու Տիգրան Սարգսյանի հայտարարությունից, որն, ի դեպ, այնքան էլ չի տարբերվում այն օրինագծից, որ ԱԺ-ում համապատասխան որակում ստացավ Վարդան Բոստանջյանի կողմից, նշանակում է Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանն իրոք մոռացել են, թե որ կուսակցության անդամ են իրենք` ՀՀԿ, թե՞ ՕԵԿ: Ուրեմն ինչո՞ւ նեղանալ լրագրողներից, որ ՕԵԿ-ին հարց չեն տալիս, չեն փորձում իմանալ, թե ինչ կարծիք ունի այդ կուսակցությունը քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Տիկին Բիշարյանի հանդեպ մեր ունեցած հարգանքով հանդերձ, ստիպված ենք արձանագրել` ՕԵԿ բոլոր այն հայտարարությունները, թե կուսակցությունն ի զորու է ինքնուրույն հաղթահարել համապետական ընտրությունների արգելքներն ու առավել լայն կազմով հայտնվել ԱԺ-ում, ընդամենը փուչիկ են, որովհետև, ինչպես վարչապետն է ասում, բոլորի հետ միասին նաև օրինացերկրականները կհայտնվեն կոտրված տաշտակի առաջ, եթե փորձեն ՀՀԿ-ի հետ չլինել: Անհասկանալի բան կա՞ր մեր ասածների մեջ:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը