Հարցազրույց

28.10.2023 08:50


Հարավային Կովկասում ռազմական գործողություններն անխուսափելի են․ ռուսաստանցի փորձագետ (տեսանյութ)

Հարավային Կովկասում ռազմական գործողություններն անխուսափելի են․ ռուսաստանցի փորձագետ (տեսանյութ)

Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում նկատվում է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի կուտակում, մասնավորապես Հայաստանի շուրջ։ Ինձ համար սա միանշանակ վկայում է, որ ռազմական գործողություններն անխուսափելի են։ Դրանք պարբերաբար կդադարեցվեն, կլինեն տարբեր ինտենսիվության։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը։

«Այս ամենի նախաձեռնողները՝ Թուրքիան և Ադրբեջանը, վախենում են տարբեր կողմերի արձագանքից և գործում են չափազանց զգույշ, բայց հարձակողական։ Այս միտումն այլևս անհնար է շրջել, քանի որ տեխնիկայի և կենդանի ուժի նման մասշտաբի առաջխաղացումը հենց այնպես չի լինում։ Դրա վրա ռեսուրսներ են ծախսվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս ճանապարհից հետ չեն կանգնի»,-պարզաբանել է նա։

Ըստ փորձագետի, Թուրքիայի արևմտյան դաշնակիցներն ամեն ինչ արեցին, որպեսզի Էրդողանի ջանքերը աշխարհաքաղաքականորեն ուղղվեն հատկապես Անդրկովկասի տարածաշրջան և Սև ծովի ավազան։

Գևորգյանը լուրջ զսպող գործոն է անվանել Իրանը․ և՛ Բաքուն, և՛ Անկարան կշռադատում են, թե ինչպիսին կարող է լինել Իսլամական Հանրապետության արձագանքը։

«Թեհրանն իր հերթին հիպերպրագմատիկ է և մտածելու է իր, և ոչ թե Հայաստանի անվտանգության մասին։ Իրանին առայժմ հաջողվել է վերջնագրի ձևով որոշ ժամանակով վերջ դնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցություններին։ Որքա՞ն կտևի սա: Չգիտեմ: Ի վերջո, Իրանի համար նույնպես զգալի խնդիրներ են ստեղծում իր ողջ պարագծով։ Այն խոշոր երկիր է՝ երկար սահմանով։ Իրանը գտնվում է բոցավառվող խարույկների շուրջ»,-ընդգծել է քաղաքագետը։

Նա վստահ է, որ շատ բաներ, որ կատարվում են Անդրկովկասում և Հայաստանի դեմ, նպատակաուղղված են հատկապես Իրանի և մասամբ Ռուսաստանի դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը