Լրահոս

27.10.2011 16:44


ՀՀ վարչապետին՝ ստիպված ենք երրորդ անգամ դիմել Ձեզ միևնույն հարցով

Նախապատմություն. 2009-2010թթ. Ճապոնիայի կառավարության կողմից Քասախի նախկին գաղութի բանտախցերում բնակվող ադրբեջանահայ փախստականների համար նախատեսված բնակելի մասնաշենքների կառուցմանը հատկաված 760 հազար ԱՄՆ դոլարը հանցավոր կերպով վատնվել կամ անօրինաբար յուրացվել է: Ծրագրի իրականացման պատասխանատուներն էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավար Բուշրա Հալեպոտան (Պակիստան) և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի կոնտակտային պաշտոնատար անձն է տիկին Ռոզա Մինասյանը (Հայաստանի Հանրապետություն):

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցն արդեն երրորդ անգամ դիմում է ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին, պահանջելով բացահայտել և դատական կարգով պատժել այն անձանց, որոնց մեղքով փախստականների տասնյակ ընտանիքներ շարունակում են ապրել Քասախի նախկին գաղութի բանտախցերում:

Մեծարգո պարոն Վարչապետ

Ստիպված ենք երրորդ անգամ դիմել Ձեզ միևնույն հարցով: Չենք կարող պնդել, որ մեր նախորդ երկու դիմումները ոչ մի արդյունք չեն տվել: Իրենց գրավոր պատասխաններում նախ` ՀՀ ՏԿ նախարարության միգրացիոն գործակալության պետ պարոն Գագիկ Եգանյանը, իսկ հետո նաև  ՀՀ ՏԿ առաջին փոխանախարար պարոն Վաչե Տերտերյանը հաստատեցին Քասախի համայնքի տարածքում ադրբեջանահայ փախստականների համար նախատեսված երկու բնակելի մասնաշենքերի կառուցման ծրագրի տապալման և այդ ծրագրին հատկացված  760 հազար ԱՄՆ դոլարի ոչ նպատակային կամ անօրինական յուրացման փաստը: Պարոն Տերտերյանը նաև տեղեկացնում է, որ արդեն իսկ 760 հազար ԱՄՆ դոլարը կլանած առաջին մասնաշենքի շինարարությունն ավարտելու համար Հայաստանի սոցիալական հիմնադրամի կողմից հատկացվել է ևս 62.000.000 դրամ: Այսպիսով, միայն մեկ մասնաշենքի կառուցման արժեքը մոտենում է մեկ միլիոն դոլարին, այդ այն դեպքում, երբ երկու մասնաշենքերի շինարարության ամբողջական արժեքն էր կազմում վատնված 760 հազար ԱՄՆ դոլարը, մինչդեռ Քասախի նախկին գաղութի բանտախցերում ապաստանած փախստականները, մասնագիտական անկարողունակություն, անսահման ընչաքաղցություն և բացառիկ անբարոյականություն դրսևորած անձանց պատճառով, ստիպված են լինելու սպասել բնակարանամուտին առնվազն մինչև 2012թ. ամառը:

Հարգելի պարոն Վարչապետ, ինչպես Դուք, այդպես էլ ներկայումս իշխող կուսակցության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը լրագրողների հետ Ձեր հանդիպումների ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի թեմային, առանձնահատուկ շեշտում եք Ձեր այն համոզմունքը, որ հակակոռուպցիոն պայքարը չի կարող արդյունավետ լինել առանց հասարակության ակտիվ ներգավման, առանց իշխանությունների ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների և անհատների համագործակցության:

Կրկին անգամ հիշեցնում ենք`մեր պահանջն է, որպեսզի հայտնաբերվեն Քասախի համայնքի տարածքում փախստականների համար նախատեսված բնակելի մասնաշենքերի կառուցման նախագծի տապալման և հարյուր հազարավոր դոլարների վատնման կամ անօրինական յուրացման կոնկրետ մեղավորները:

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը պահանջում է հնչեցնել այդ անձանց անունները և ենթարկել նրանց պատասխանատվության:

Հրապարակելով այս դիմումը, Ցանցը հույս է հայտնում, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստի ժամանակ Դուք կձեռնարկեք քայլեր և կտաք անհրաժեշտ հրահանգներ կառավարության համապատասխան ստորաբաժանումներին, այդ թվում նաև` իրավապահ մարմիններին:

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց

Հ.Գ. Հատկանշական է, որ Ձեզ ուղղված Ցանցի երկրորդ դիմումից հետո, ադրբեջանական մամուլում տեղակատվություն տարածվեց այն մասին, որ հարուցվել է քրեական գործ ադրբեջանցի փախստականների բնակարանաշինության համար հատկացված միջոցների վատնման փաստով:

Այս խորագրի վերջին նյութերը