Լրահոս

27.10.2011 15:03


Հայ-լիտվական համագործակցություն հարկային ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և համապատասխան միջազգային կառույցներում: Այդ նպատակով տարբեր երկրների հարկային գերատեսչությունների հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ այցելություններ են կազմակերպվում: Հոկտեմբերի 25-28-ը պաշտոնական այցով մեր երկրում է Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կասելիաուսկասի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել երկու գերատեսչությունների հարկման ոլորտում և փորձի փոխանակման ասպարեզում երկկողմանի համագործակցության հարցեր:

Հյուրերը հանդիպել են կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, հայ և լիտվացի գործընկերները քննարկել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, ներառյալ` համագործակցության հետագա ուղղությունները, հարկային ոլորտում համագործակցության խորացման նպատակով իրավական հիմքերի ընդլայնումը և այլն: Լիտվացի գործընկերներին ներկայացվել են էլեկտրոնային կառավարման բնագավառում իրականացված բարեփոխումները, մասնավորապես` □Հարկատու-3□-ը: Հյուրերը հետաքրքվել են նաև գործարարի անձնական գրասենյակի ինստիտուտի ներդրման ընթացքից: Միաժամանակ կոմիտեում հարկային բարեփոխումների թեմաներով շնորհանդեսներ են անցկացվել: Լիտվական պատվիրակությունը ծանոթացել է նաև ՊԵԿ-ի` հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը:

Իսկ հոկտեմբերի 27-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար Մոդեստաս Կասելիաուսկասի կողմից ստորագրվել է □ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լիտվային Հանրապետության Ֆինանսների նախարարության հարկային ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ□ համաձայնագիրը: Այնուհետև նրանք հանդես են եկել համատեղ ասուլիսով: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով Եվրոպական Միության անդամ հանդիսացող լիտվական հարկային մարմնի հետ համագործակցության խորացումը, միաժամանակ ընդգծել է, որ կոմիտեի կողմից հատկապես վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները լայն արձագանք են ստացել արտերկրում, և այս առումով, հատկապես Լիտվայի  առաջվոր փորձի փոխանակման ընդլայնումը շատ օգտակար կլինի հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործման համար: □Մեզ համար շատ կարևոր է` տարբեր երկրների հետ համագործակցության շրջանակում սերտացնել հարաբերությունները նաև Լիտվայի հետ, քանի որ մի շարք ընդհանրություններ ունեն մեր երկրները: Այս շփումների ընթացքում արձանագրեցինք, որ  հայ և լիտվացի գործընկերները միմյանց փոխանցելու հարուստ փորձ ունեն, որի օգնությամբ արագ տեմպ կհաղորդվի հարկային ոլորտի բարեփոխումներին□:

Իր հերթին ողջունելով հայ-լիտվական համգործակցության ընդլայնումը` Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար Մոդեստաս Կասելիաուսկասը նշել է. □Համագործակցելով հիմնականում  Եվրամիության անդամ երկրների հետ, Լիտվան միաժամանակ հետաքրված է մյուս հարևան երկրների հարկային նորույթներով: Այս առումով Հայաստանը բավականին հետաքրիր քայլեր է իրականացրել: Մենք արդեն մի քանի կոնկրետ նախագծեր ունենք, որոնց շուրջ  էլ կակտիվացնենք համագործակցությունը□:

Կողմերն ընդգծել են, որ այս համաձայնագրի ստորագրումը մեծ դեր կունենա` Հայաստանի և Լիտվայի հարկային մարմինների միջև հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցում փորձի փոխանակման խորացման գործում: Համագործակցության հաջորդ քայլով նախատեսվում է հայ մասնագետների վերապատրաստում Լիտվայում: Իսկ լիտվացի գործընկերներին հետաքրքրել է մեր էլեկտրոնային կառավարման համակարգը. □Պետք է փոխանցենք հատկապես  հատուկ հարկային հաշիվների օն-լայն ռեժիմով աշխատանքի, անձնական գրասենյակի մոդուլների, հդմ-ների օն-լայն ռեժիմով ստուգման մեխանիզմների և շատ-շատ այլ հարցերում ձեռք բերած մեր փորձը□,-լրագրողներին տեղեկացրել է կոմիտեի նախագահ Գ. խաչատրյանը:

Նշենք, որ երկու երկների միջև ապրաքնաշրջանառության ծավալը 2010-ին կազմել է 2 միլիարդ 910 միլիոն, իսկ 2011-ի 9 ամիսների կտրվածքով` արդեն 2 միլիարդ 71 միլիոն դրամ: Ներմուծումը 2010-ին եղել է 2 միլիարդից ավելի, արտահանումը` 722 միլիոն դրամ: Իսկ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծումը կազմել է 1 միլիարդ 553 միլիոն դրամ, իսկ արտահանումը` 517 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, ներկրվել են ռադիո-հեռուստասարքավորումներ, էլեկտրական հաղորդալարեր, արտահանվել` սպիրտային խմիչքներ, սարքեր-սարքավորումներ:

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում  են այլ երկրների պատվիրակությունների այցերը. արդեն իսկ հյուրընկալվել են Ղազախստանի հարկային կոմիտեի ներկայացուցիչները:  Տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը ներկայում  համագործակցության 33 համաձայնագիր ունի և ևս 23 երկրների հետ` մշակման փուլում է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը