Լրահոս

27.10.2011 13:42


Վազգեն Կարախանյանը համամիտ է Հայրիկյանի մասին վարչապետի գնահատականների հետ

Վազգեն Կարախանյանը համամիտ է Հայրիկյանի մասին վարչապետի գնահատականների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ անդամ Վազգեն Կարախանյանը, անդրադառնալով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հայտարարությանը, թե սատարելու է ՀՀԿ–ին, ասել էր, որ լուրջ չի վերաբերվում դրան, և հավելել, որ Պարույր Հայրիկյանը մնացել է նույն մեծամիտը՝ իրեն համարելով մոլորակի ամենա–ամենան։

Երեկ ՀՀԿ անդամ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարել էր, որ ՀՀԿ–ն պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել։ Նա նաև հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը մեծ հեղինակություն ունեցող գործիչներ են։

«7օր»–ի հետ զրույցում Վազգեն Կարախանյանը, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, ասել է, որ ինքն իր նախորդ խոսքում չի ասել, թե համագործակցության բոլոր թելերը կտրված են։

–Խոսքը համեստ համագործակցության մասին է. կարծում եմ՝ ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքական ուժ կարող է ասել, որ իր համեստ լուման է ներդնում, այլ ոչ թե ասի՝ եթե ես սատարեմ, ուրեմն ՀՀԿ–ն 60%–ից ավելի ձայն կունենա։ Սա է ամբողջ խնդիրը։ Ես լիովին համամիտ եմ Տիգրան Սարգսյանի հետ,–ասել է նա։

Մեր հարցին՝ փաստորեն, համագործակցությունը բացառվա՞ծ չէ, Վազգեն Կարախանյանը պատասխանել է՝ իրենք համագործակցողներ չեն փնտրում։

–Բայց եթե կան ուժեր, որոնք ուզում են մեզ հետ գործակցել, մենք ասում ենք, որ ճանապարհը բաց է,–ընդգծել է նա։

Հարցին՝ անգամ Պարույր Հայրիկյանի՞ հետ, ով հին հանրապետականներին անվանում էր «ККБ–ի շպիոններ», նա պատասխանել է.

–Անգամ Պարույր Հայրիկյանի հետ, որը, թեպետ ասել եմ, որ նույնն է մնացել, բայց երևի ժամանակի ընթացքում վերագնահատումներ է արել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը