Լրահոս

27.10.2011 10:35


Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի առաջատարները հավաքվում են Արցախում

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ շարունակում է իր ջանքերը` խթանելու տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այդ իսկ նպատակով հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Միջոցառման աջակիցներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարությունը:

Ֆորումի օրակարգային հարցերից են` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և աշխատուժի զարգացման խնդիրները, ԼՂՀ Տեխնոլոգիական ձեռներեցության ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, տեխնոլոգիական լուծումները ԼՂՀ արդյունաբերության համար, ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները և այլն:

Միջոցառման բացումը կիրականացնի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց 2010 թվականի  հոկտեմբերի  9-10-ը: Այն նվիրված էր Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին: «Հիմնվելով նախորդ հանդիպման արդյունքում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ունեցած ձեռքբերումների վրա, մասնավորապես՝ Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, «Ինստիգեյթ», «Լայմ Տեխ», «Յունիքոմփ» ընկերությունների, Նորք Տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը, որոշվեց քննարկել ԼՂՀ տեխնոլոգիական հետագա զարգացման խնդիրները և նպաստել տեխնոլոգիական առաջընթացին»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարոն Վարդանյանը:

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

Այս խորագրի վերջին նյութերը