Լրահոս

26.10.2011 17:57


ԲՀԿ–ական պատգամավորը սպասում է ԱԳՆ–ի պատասխանին

ԲՀԿ–ական պատգամավորը սպասում է ԱԳՆ–ի պատասխանին

Այսօր ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց է հղել կապված Ադրբեջանի՝ ՄԱԿ–ում ոչ մշտական անդամ ընտրվելու հետ։ Ու թեև ԱԳ նախարարը հարց ու պատասխանի ժամանակ ներկա չի եղել, ԲՀԿ–ական պատգամավորն այդուհանդերձ հնչեցրել է իր հարցը՝ ակնկալելով, որ դրա պատասխանը ՀՀ արտաքին գերատեսչությունն ի վերջո կպատասխանի։

–Այսօր արդեն պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այդ երկու տարին իրենք օգտագործելու են հիմնականում ԼՂ–ի խնդիրը ՄԱԿ–ի ԱԽ–ում արծարծելու համար։ Այսօր արդեն պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ օգնելու է իրենց եղբայրակից Ադրբեջանին այդ խնդիրն առաջ մղելու համար։ Այսօր արդեն ԱՄՆ–ի պետդեպը շնորհավորել է Ադրբեջանին՝ ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ, ողջունել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Իհարկե մենք կարող ենք ինչպես որոշ լրատվամիջոցներում հանդիպեցինք ձևակերպումներ, թե կարող ենք ասել, որ Ադրբեջանը գնել է 155 երկրի քվե՝ չհասկանալով, որ դրանով մենք ուղղակիորեն բարձրացնում ենք Ադրբեջանի դերը և նշանակությունը, եթե Ադրբեջանը կարող է այդքան երկրի նախագահ և վարչապետ գնել։ Իհարկե կարող ենք ասել, որ եթե Ադրբեջանը ՄԱԿ–ի ԱԽ–ում մշտական անդամի կարգավիճակ ունեն ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահները, որոնք իրենց հստակ դիրքորոշումն ունեն այս խնդրի վերաբերյալ, բայց ես կուզենայի, որ մեր ԱԳՆ–ն պաշտոնապես ասեր՝ ի՞նչ կարող էր անել մեր համապատասխան գերատեսչությունը, ի՞նչ պիտի աներ, որ չի արել կամ արել է ՄԱԿ–ում մեր ներկայացուցիչը, բացի շաբաթը մեկ Պան Գի Մունին նամակ գրելուց, որ ինչքան վատն է Ադրբեջանը և այլն։ Ինչո՞ւ Հայաստանը չառաջադրեց նաև իր թեկնածությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները այս օրերին հնչելու են, քանի դեռ մեր ԱԳՆ–ն այդ խնդիրների վերաբերյալ հանդես չի եկել հստակ պարզաբանմամբ,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը