Լրահոս

26.10.2011 15:29


ՀՀԿ–ական. «Հայրիկյանը մնաց նույն մեծամիտը, անհարկի իրեն տիտանների շարքին դասող»

ՀՀԿ–ական. «Հայրիկյանը մնաց նույն մեծամիտը, անհարկի իրեն տիտանների շարքին դասող»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հայտարարությունը հին ՀՀԿ–ական Վազգեն Կարախանյանը լուրջ չի համարում։

Հայրիկյանը երբեմներբեմն աշխարհացունց մտքեր է ասում, այն աստիճան, որ մոլորակի սյուներն սկսում են շարժվել։ Պարզվում է՝ Հայրիկյանը մի դեպքում ժողովրդավարության հայրն է, մյուս դեպքում, չգիտեմ, ամենամեծ զորավարը, ամենամեծ քաղաքական գործիչն է մոլորակում և այլն։ Ընդգծում եմ՝ մոլորակո՛ւմ. նրա մասշտաբները մոլորակային են,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Վազգեն Կարախանյանը, ով Հայրիկյանին ճանաչում է 18 տարեկանից։

Այս տարիների ընթացքում Հայրիկյանը բացարձակապես չի փոխվել։ Այն ժամանակ վերագրում էինք, որ պատանի է, կմեծանա, կհասկանա։ Պարզվեց, որ չէ՛. էդպես էլ անփոփոխ մնաց։

Վ. Կարախանյանի համոզմամբ՝ Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ) իր առաքելությունը կատարել է։

–Սովետական կայսրությունում եզակի կուսակցություն, որն անկախության դրոշ էր բարձրացրել... ԱՄԿ–ն հիմա այլևս պատմություն է. աշխարհն արդեն առաջ է գնացել, ժամանակները փոխվել են, մոտեցումներն են փոխվել աշխարհի հանդեպ, մեր քաղաքական գծի հանդեպ։ Ահագին փոփոխություններ են եղել, և վերականգնել այն, որի իրավունքը Հայրիկյանը չունի, կարծում եմ՝ բարոյական չէ։ Չեմ կարծում՝ Հանրապետականն այնպիսի օրի է, որ սատարվելու կարիք ունի։ Էլ չեմ ասում, որ Հայրիկյանի սատարելը բացասական կարող է անդրադառնալ ՀՀԿ–ի վարկանիշի վրա,–հավելել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Ինչ վերաբերում է «7օր»–ին տված հարցազրույցում Պարույր Հայրիկյանի արտահայտած մտքին, որ ՀՀԿական Ռազմիկ Զոհրաբյանն իր զինվորի զինվորն է, Վ. Կարախանյանը նկատել է.

Էլի պոռոտախոսության մի ներկայացում է դա։ Այդ դեպքում ես էլ կարող եմ ասել, որ Պարույր Հարիկյանն ի՛մ զինվորն է, որովհետև ե՛ս եմ իրեն ներգրավել։ Երբ Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը ձերբակալվեցին, ստեղծվել էր Ազգային միացյալ կուսակցության խորհուրդ, և ես Հայրիկյանին ներգրավել եմ ԱՄԿ–ի գործունեության մեջ։ Ճիշտն ասած՝ չեմ փոշմանում. նա պայքարել է, ուղղակի տասնամյակները չփոխեցին Պարույր Հայրիկյանին. նա մնաց նույն մեծամիտը, անհարկի իրեն տիտանների շարքին դասողը և այլն, ինչը պատիվ չի բերում իրեն։ Կարծում եմ՝ ցանկացած մարդ ուրախ պետք է լինի, եթե դիմացինն է իրեն մեծարում կամ արժեվորում։ Իսկ Հայրիկյանն ինքն է իրեն գովազդ անում, որն ընդունելի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը