Աշխարհ

11.10.2023 15:01


Իսրայելը գնդակոծում է Լիբանանի հարավը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռակոծության

Իսրայելը գնդակոծում է Լիբանանի հարավը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռակոծության

Իսրայելի և Լիբանանի սահմանին առավոտյան բախումներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից հակատանկային հրթիռ է արձակվել Արաբ ալ Արամշե քաղաքի մերձակայքում տեղակայված զինվորական դիրքի ուղղությամբ։

Իսրայելական դիրքի հրթիռակոծության մասին հայտնել է նաև «Հեզբոլլահ» իսլամիստական խմբավորումը։ Ըստ BBC-ի՝ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ արձակել է երկու հրթիռ՝ ի պատասխան օրերս Իսրայելի ուժերի հետ բախումների ընթացքում իր 3 զինյալի զոհվելու։

BBC-ն նաև նշում է, որ այժմ Իսրայելը, ի պատասխան իր դիրքի հրթիռակոծության, գնդակոծում է Լիբանանի հարավային որոշ հատվածներ։

Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը ռմբակոծում է Դհայրա քաղաքը, իսկ «Յարին գյուղը գնդակոծվում է ֆոսֆորային արկերով»։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից Իսրայել են ներթափանցել «ահաբեկիչներ», որոնք սպանվել են իսրայելցի զինվորների կողմից։ Այս բախումների ընթացքում իսրայելցի 3 զինվոր էր զոհվել։ «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժումն իր հերթին հաստատել է, որ իսրայելցի զինվորների կողմից սպանված զինյալները եղել են իր անդամները։

Հոկտեմբերի 10-ին ևս բախումներ են տեղի ունեցել «Հեզբոլլահ»-ի և իսրայելցի զինվորականների միջև Լիբանանի և Իսրայելի սահմանին։ Ըստ BBC-ի հրապարակման՝ «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի թիրախների վրա հարձակման ժամանակ զոհվել են իր զինյալներից 3-ը։

Այս խորագրի վերջին նյութերը