Լրահոս

26.10.2011 10:55


Ադրբեջանն ու Վրաստանը՝ Հայաստանի կազմի մեջ

Ադրբեջանն ու Վրաստանը՝ Հայաստանի կազմի մեջ

Հոկտեմբերի 24-ին Իսրայելի պարբերականներից մեկում՝ «Վերջին տեղեկատվություն» թերթում, տպագրվել է մի հոդված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին (հեղինակ` Դանիել Բատինի), «Փնտրում ենք կյանքեր, կարևոր ձեռքերում» վերնագրով: Այնտեղ բերված է մի քարտեզ, որտեղ Թուրքիայի հարավ-արևելյան  մասում Ադրբեջանն ու Վրաստանը  Հայաստանի տարածքում են նշված: Նշված է մեկ սահման, և ընդհանուրի վրա գրված է Հայաստան անունը:

Այս ամենը Իսրայելի ադրբեջանցիների մոտ աղմուկ է բարձրացրել։ Տեղի «89.1 Fm» ռուսալեզու ռադիոալիքի առավոտյան ծրագրերից մեկով, որտեղ կարդում են մամուլի օրվա հրապարակումները, խոսք է եղել նաև այդ քարտեզի մասին: Հաղորդավարը ծիծաղով նշել է, թե Ադրբեջանին ու Վրաստանին չգիտես ինչու դարձրել են Հայաստանի մաս: Նույն ռադիոալիքով մեկ այլ` «Հարց ու պատասխան» անվանումով հաղորդաման ժամանակ մի ադրբեջանցի զանգահարել և վիրավորված առոգանությամբ  բողոքել է այդ քարտեզի կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, թե ինչո՞ւ է հոդվածի հեղինակը այդպիսի սխալ է թույլ տվել, չէ՞ որ  Ադրբեջանը Հայաստանի  կազմի մեջ չի եղել և այլն: Նա հայտարարել է, թե այդ սխալը պետք է անհապաղ ուղղել ու ներողություն խնդրել, սակայն ռադիոհաղորդավարը նշել է, որ նա Ադրբեջանի դեսպանը չէ, և ինքը չի կարող այդ հարցում նրան օգնել՝ առաջարկելով նամակ գրել թերթի խմբագրություն և արտահայտել իր բողոքը:

Բացի այդ, ադրբեջանցիներին, մեղմ ասած, նյարդայնացրել է նաև այն, որ հոդվածի մեջ նշվում է, որ Վանը հայկական քաղաք է ու ժամանակին բնակեցված է եղել հայերով:

Այս խորագրի վերջին նյութերը