Հարցազրույց

26.10.2011 10:53


Արծվիկ Միանսյան

Արծվիկ Միանսյան

Հարցազրույց ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանսյանի հետ

Ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության ներկայացրած եկեղեցու սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները և դրանց հատկացված հողատարածքներն գույքահարկից և հողի հարկից ազատելու օրինագծին։

–Խոշոր հարկատուների համար հարկերի ավելացումը չեմ համարում այդքան էլ ճշմարտացի, որովհետև դա իրականության հետ այդքան էլ կապ չունի։ Ապագայում ներկայացվելիք հարկային փաթեթում խոսքը հավասարաչափ բեռի բարձրացման մասին է։ Նախ, սոցվճարները բարձրանալու են 7–9 հազարով, ինչը տարածվելու է բոլորի վրա՝ անկախ նրանից՝ փոքր են, միջին են, թե խոշոր։ Եվ հետո, շահութահարկի դրյուքաչափերը բարձրացնելու բանկային սեկտորի մասին է խոսքը, և վերջապես՝ եկամտահարկում երրորդ սանդղակ ավելացնելու մասին։ «Ճոխության» հարկն էլ մասնակի է իրականացվում, և այն էլ դեռևս հարց է, թե որքանով է մեծահարուստների վրա ուղղվելու այդ հարկը։

–Բայց չէ՞ որ ՀՀ վարչապետն անձամբ հայտարարեց, թե հաջորդ տարվա բյուջեի ծախսերի ավելացումը լրացվելու է խոշոր գործարարների հաշվին։

–Վարչապետի հայտարարությունը որևէ ձևով հիմք չպետք է ընդունել, քանի դեռ օրենքը փաստացի չի ներկայացվել, չի ընդունվել։ Մենք բազմիցս ենք ականատես եղել, թե վարչապետի հայտարարությունները որքանով են համապատասխանում իրականությանը։ Եթե վարչապետի հայտարարություններին հետևեինք, ապա մեր երկիրը հիմա պետք է վաղո՜ւց ճգնաժամը հաղթահարած լիներ։ Բայց փաստ է, չէ՞, որ ճգնաժամի մեջ թաղված ենք, ու որևէ նախանշան չկա ճգնաժամից նույնիսկ դուրս գալու առումով։

–Իսկ եկեղեցուն հարկային արտոնություն տալու կառավարության քայլը ինչպե՞ս եք գնահատում, առավել ևս, որ եկեղեցուն պատկանող այդ տարածքների մեջ ներառված են ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ և այլն։

–Հայ առաքելական սուրբ եկեղեցին համարվում է մեր հոգևոր կյանքի կարևոր դերակատարություն ունեցող կառույցներից մեկը, և պատահական չէ, որ սահմանադրությամբ ունի հատուկ կարգավիճակ, բայց միայն հոգևո՛ր կյանքում։ Մինչդեռ ներկայացված նախագծերի ընդհանրապես մոտեցումները խոսում են տնտեսական հարթութայն մեջ եկեղեցուն արտոնություններ տալու մասին։

–Ի՞նչ մտահոգություններ է դա առաջացնում։

–Երկու հիմնական մտահոգություն կա։ Առաջինն իրավականն է։ Մասնավորապես՝ երբ որ մենք նման արտոնություններ ենք շնորհում Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, պարտավոր ենք համանման արտոնություններ տալ ցանկացած այնպիսի կրոնական կազմակերպության, որը Հայաստանում գրանցված է, որի գործունեությունն արգելված չէ, և որի գործունեության շրջանակներում մենք ստանձնել ենք միջազգային պարտավորություն՝ հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր կրոնական և համոզմունքային կազմակերպություններին։

–Այդ դեպքում կստացվի, որ Հայաստանում գրեթ բոլոր տարածքները հարկերից կազատվեն։

–Ստացվում է, որ մենք ակամայից խրախուսելու ենք նաև Հայաստանում աղանդավորական շարժումների տարածմանն ու զարգացմանը։ Այսինքն՝ այն, ինչի դեմ պետք է պայքարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին, իր միջնորդությամբ ասում են՝ մենք վնասում են նրա այդ պայքարին։

–Իսկ երկրորդ մտահոգությո՞ւնը որն էր։

–Երկրորդը տնտեսական է։ Գաղտնիք չէ, որ եկեղեցին մասնակցում է տնտեսական կյանքին՝ անկախ նրանից՝ իրենք դա անում են թափանցիկության, օրենսդրության շրջանակներում՝ բոլոր կանոները պահպանելո՞վ։ Ամբողջ խնդիրը նա է, որ այստեղ պետության հիմնական դերակատարությունը պետք է լինի եկեղեցուն առավելագույնս ներառելը տնտեսական աճի գործընթացին։ Մինչդեռ այսպիսի նախաձեռնություններով մենք եկեղեցուն պարզապես դուրս ենք դնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում մասնակից լինելուց։ Ես առաջարկում էի՝ հաշվի առնելով մեր եկեղեցու կարևոր դերակատարությունը, հատկապես զբոսարջության և ծառայությունների մատուցման ոլորտում բավական մեծ հնարավորությունները՝ դրանից եկած եկամուտների վերաբաշխման ուղղությամբ մտածել, որպեսզի եկեղեցուն հատկացվեն որոշակի էական գումարներ։ Ենթադրենք, որ Էջմիածնի մասին ենք խոսում, և կա այնպիսի տարածք, որտեղ ծառայություններ են մատուցվում՝ սկսած առևտրից, ավարտած թանգարաններով և այլն։ Այստեղից ստացվում են որոշակի եկամուտներ։ Բնական է, որ այդ եկամուտները պետք է գան համայնքային բյուջե, և համայնքային բյուջեն վերաբաշխում անի՝ տրամադրելով դա եկեղեցուն։ Սա կլինի արդար մոտեցում։

–Իսկ հիմա՞ ուր են գնում այդ ստացված գումարները։

–Հիմա պարզապես չեն գալիս, որովհետև այդ ամենը կենտրոնանում է անօրինական կամ հայաստանյան օրենսդրությամբ չգրանցված կազմակերպությունների և անձանց մոտ։ Արդյունքում մենք փոխանակ այս կառույցներին բերենք օրենսդրական դաշտ, մենք իրենց դուրս ենք դնում այս ամենից և մեր երկրում ավելի ենք խորացնում ստվերային շրջանառությունը։ Իսկ սա բավական լուրջ փաստ կարող է լինել՝ սկսած նրանից, որ ամենատարբեր անձինք կփորձեն եկեղեցու անվան տակ իրենց արտոնությունները ստանալ, ինչպես որ նախնական ցանկն է վկայում դրա մասին՝ ֆուտբոլի դաշտ, խաղահրապարականեր և այլն, որոնք կարող են պարզապես լուրջ բիզնեսի աղբյուր դառնալ՝ առանց նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։

–Իրոք՝ որքանո՞վ մենք կարող ենք երաշխավորված լինել, որ կառավարության ներկայացրած ցանկում իրականում եկեղեցուն չպատկանո՛ղ օբյեկտներ չեն լինի։

–Եթե այս օրենքն այս գաղափարախոսությամբ պետք է ընդունվի, որ տրվում են հարկային արտոնություններ համապատասխան ցանկով նախատեսված օբյեկտների նկատմամբ, ապա մեր առաջարկը լինելու է, որ այդ ցանկը նախ նախատեսվի օրենքով, և ուղղակիորե՛ն կապված լինի Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես հոգևոր գերագույն կառույցի, ուղիղ ծառայությունների մատուցման հետ, այլ ոչ թե որևէ այլ օժանդակ գործողության հետ, որը կարող է նպաստել կամ աջակցել եկեղեցուն։

–Իսկ արդյոք չե՞նք կարող ասել, որ հոգևոր հավատքի տարածման կամ ամրապնդման համար իրենց հոտին տրամադրում են ֆուտբոլի դաշտը, որպեսզի գնան, խաղան և հոգեպես բավարարված զգան։ Կամ այսպիսի այլ հիմնավորումներ բերեն, որ պատճառաբանեն նմանօրինակ տարածքների անհրաժեշտությունը։

–Եվ ոչ միայն դա։ Ես կարող եմ մեկ այլ օրինակ էլ բերել։ Եթե չեմ սխալվում, Մայր աթոռ սուրբ Էջմիածինը բաժնետեր է հանդիսանում հիվանդանոցային հաստատությունում և ինքն արդեն բաժնետիրական ընկերություն է, այսինքն՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող կառույց է։ Եվ ստացվում է, որ մենք եկեղեցու անվան տակ արտոնություն ենք տալիս հենց առևտրային կազմակերպությանը։ Սա էլ ճիշտ մոտեցում չէ։ Անհավասար պայմաններ ենք ստեղծում այս և այլ հիվանդանոցային հաստատությունների միջև։ Ի վերջո, չպետք է մոռանանք, որ եկեղեցին նրա համար չէ, որ պետք է շահույթ ստանա։ Եկեղեցին նրա համար է, որ ծառայի մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը, մեր հասարակությանը։

–Կառավարությունն այս օրինագծով ի՞նչ նպատակ է հետապնդում։

–Ինձ թվում է՝ կառավարությունն ավելի շատ տուրք է տվել Մայր աթոռի առաջարկին՝ առանց խորամուխ լինելու սրա նաև վտանգավոր դրսևորումների մեջ։ Եվ չմոռանանք, որ մենք ունենք կառավարության ղեկավար, ով շա՜տ է ցանկանում եկեղեցուն օժանդակող լինել։ Բայց կարծում եմ՝ այդպիսի օժանդակությամբ չէ, որ մենք նպաստում ենք մեր եկեղեցու դերակատարության մեծացմանը։ Ընդհակառակը, մենք դրանով կարող ենք նպաստել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքերի է՛լ ավելի թուլացմանը հայ հասարակության մեջ, որովհետև սա կարող է տարբեր շահարկումների տեղիք տալ։

–Իսկ պետականության թուլացմանը չի՞ հանգեցնի։ Ի վերջո, պատմությունից հայտնի է, թե ինչ բացասական հետևանք է լինում, երբ եկեղեցին ներթափանցում է պետության քաղաքականության մեջ։

–Եկեղեցին իրականում ոչ թե թափանցում է պետականության մեջ, այլ պետականության բացակայության պայմաններում փորձում է փոխարինել պետականությանը և ամրապնդում է կարծրատիպերի ձևավորումը, ինչը հետագայում՝ արդեն պետականության վերականգնման ժամանակ, էականորեն կարող է խաթարել պետականության ամրապնդման գործընթացը։ Մենք հիմա այդպիսի փուլում ենք։ Տեսե՛ք՝ երբ չկար անկախ պետություն, մեր եկեղեցին փորձում էր իրականացնել պետականության որոշակի ֆունկցիաներ՝ սկսած ծննդի, կնունքի գրանցումներից, մինչև մարդկանց որոշակի հատվածներում իրավունքի պաշտպանությամբ հանդես գալը։ Բայց երբ կա պետություն, պետականություն, եկեղեցին պետք է առանձին և հիմնական գործառույթները փոխանցի պետությանը՝ առանց իր ձեռքում պահելու ցանկության։ Մի կարևոր հանգամանք էլ կա. ցավոք, դեռևս մաբողջապես գիտակցված չէ, որ եկեղեցին պետք է լինի յուրաքանչյուր մարդու մոտ, յուրաքանչյուր մարդու հետ, յուրաքանչյուր մարդու կողքին և նրա հետ միշտ երկխոսի։ Մինչդեռ մեր իրականությունը մի քիչ այլ է։ Եկեղեցին թողնում է հայ մարդուն, քրիստոնյային, որ ինքն իր մտքերի մեջ տառապի, տանջվի, բայց չի գնում իր մոտ, սպասում է, թե ինքը երբ պետք է գա եկեղեցու մոտ։ Այդպես չի լինում։ Նույնիսկ Քրիստոսն այդպես չէր անում. ի՛նքն էր գնում մարդկանց մոտ, ոչ թե սպասում էր, որ մարդիկ գնան իր մոտ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը