Լրահոս

25.10.2011 17:36


Կարեն Ավագյան. «Ոչ մի քարոզչական, քաղաքական նպատակ չի կարող արդարացնել իրեն, եթե խոսքը բանակի մասին է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանի ելույթը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին

Հարգելի գործընկերներ

Վերջին ամիսներին այս ամբիոնից արդեն մի քանի անգամ անդրադարձել եմ բանակի թեմային՝ հույս ունենալով ներազդել այն մարդկանց վրա, ովքեր փորձում են հասարակության շրջանում սասանել բանակի հեղինակությունը և կասկածամտություն առաջացնել զինված ուժերի նկատմամբ։ Բայց փորձը ցույց տվեց, որ մարդկանց այդ խմբերը ոչ միայն չեն լռում, այլև հետևողականորեն, միտումնավոր շարունակում են հակաբանակային արշավը։

Բոլորս հիշում ենք մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած զորահանդեսն ու այն հպարտության զգացումը, որ պատել էր յուրաքանչյուրիս։ Եվ պատահական չէ, որ նման զորահանդեսից հետո ոտնձգությունները մեր հաղթանակած բանակի նկատմամբ շատացան։ Դա ապացույցն է այն բանի, որ բանակի հեղինակությունն իրոք մեծ է, ինչը չի բխում ոմանց շահերից։ Կիրառվող սև տեխնոլոգիաներն ակնհայտ են։ Կան բաներ, որ չի կարելի անել։ Բանակի նկատմամբ նման հակաքարոզչությունն ինքդ քեզ թուլացնելու, ինքդ քեզ հարված հասցնելու ,լավագույնե միջոցն է։ Բանակն ինքնապաշտպանություն է, իսկ առանց ինքնապաշտպանության բաց ենք բոլոր թշնամիների առաջ։

Այսօր ամենևին չեմ ցանկանում ներկայացնել ու թվարկել մեր զինված ուժերի առավելությունները. լավագույն գնահատականը տվել են օտար փորձագետները՝ 20-ամյա հայոց ազգային բանակն անվանելով տարածաշրջանում ամենամարտունակն ու կազմակերպվածը։ Ոչ ոք չի ժխտում, որ աշխատանքի ընթացքում կարող են լինել նաև խնդիրներ, ինչին պաշտպանական գերատեսչությունը և հատկապես պաշտպանության նախարարը օպերատիվությամբ արձագանքում են։ Ամենաշահագրգիռ մարդկանցից մեկը հենց պաշտպանության նախարարն է, ով ամեն ինչ անում է, որպեսզի բանակը զերծ պահի հասարակության մեջ տիրող բացասական դրսևորումներից։ Եվ մենք հասել ենք դրան. 2011 թվականն իր կարգապահական ցուցանիշներով լավագույնն է նորանկախ պետության զինված ուժերի պատմության մեջ։

Ցանկանում եմ անդրադառնալ ևս մի խնդրի՝ զոհված զինծառայողների հարազատների խաղաղ ցույցերին։ Նրանց վիշտը ընդունելի ու հասկանալի է, բոլորս կիսում ենք այն։ Սակայն անհասկանալի են այն մարդկանց գործողությունները, ովքեր փորձում են օգտագործել մեր բոլորի ցավն ու վիշտը՝ որոշակի քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Հույս ունեմ, որ պատվեր իրականացնողները կհասկանան, որ բանակը պաշտպանում է ոչ միայն իմ ու ձեր, այլև իրենց ընտանիքները։

Բանակի խնդիրը բոլորինս է։ Ի վերջո, եթե փոքր-ինչ լայն հայացքով փորձենք նայել, ապա բանակն այնպիսին է, ինչպիսին մեր հասարակությունն է։ Հասարակության ախտերը, միջանձնային հարաբերությունների մակարդակը, արժեքները տեղափոխվում են բանակ։ Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի բանակը կատարելագործվի, պետք է լուրջ աշխատանք տանենք հասարակական կյանքի բոլոր օղակներում։ Բանակը սրբություն է, բանակին ձեռք տալ չի կարելի։ Ոչ մի քարոզչական, քաղաքական նպատակ չի կարող արդարացնել իրեն, եթե խոսքը բանակի մասին է։

Մա՛րդ եղեք:

Այս խորագրի վերջին նյութերը