Տնտեսական

25.10.2011 16:37


2011 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2011 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար կառավարության որոշումներով բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 620.6 մլրդ դրամ` 100.5%-ով ապահովելով ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը: Նշված գումարից համապատասխանաբար 577.6 մլրդ և 92.6 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները և պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 636.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի 91% կատարողական: Վերջինս պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Առանց արտաբյուջետային միջոցների եկամուտները կազմել են ավելի քան 606.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 624.5 մլրդ դրամ:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.5%-ով կամ շուրջ 54 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10%-ով (52.3 մլրդ դրամով) և 2.1 անգամ (6.5 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Միևնույն ժամանակ այլ եկամուտների գծով գրանցվել է անկում 13.7%‑ով կամ 4.8 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.9%-ը` այլ եկամուտների, 2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 14.3 մլրդ դրամ կամ ինն ամսվա համար ծրագրված մուտքերի 91.6%-ը: 2011 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 485 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից ավելի քան 1.1 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի կատարողականը կազմում է 99.9%, իսկ դրանք հաշվի առած` 99.8% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 65.7%): 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 10%-ով կամ 43.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

 

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%‑ով կամ 41.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, հիմնական միջոցների գծով ծախսերի և այլ ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 570.1 մլրդ դրամ` 92.6%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 6.6%-ով կամ 35.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 53.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 3.8 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են իննամսյա ծրագրի համապատասխանաբար 96.3%-ը և 90.5%-ը: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 6.5%-ով և 5.7%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 116.3 մլրդ դրամ, որը կազմել է իննամսյա ծրագրի 91.9%-ը և 6.7%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 25.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ինն ամսվա ծրագրի 87.2%-ը: Մասնավորապես` նշված գումարից 16.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 15.3%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:

 

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 16.3 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ինն ամիսների համար կանխատեսված 82.6 մլրդ դրամի ընդամենը 19.7%-ը: Նշենք, որ նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 88.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 10.4 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 20.1 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -3.8 մլրդ դրամ:

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությունն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի` www.minfin.am , <<նորություններ>> բաժնում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


[1] Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը