Լրահոս

25.10.2011 16:34


Որ ո՛չ եկեղեցու դերը նսեմացվի, ո՛չ էլ այնպիսի օբյեկտներ լինեն, որ մարդիկ հիասթափվեն»

Որ ո՛չ եկեղեցու դերը նսեմացվի, ո՛չ էլ այնպիսի օբյեկտներ լինեն, որ մարդիկ հիասթափվեն»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը երեկ մի օրենսդրական փաթեթ է ներկայացրել, համաձայն որի Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները և դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատվում են գույքահարկից և հողի հարկից: Այդ տարածքների ցուցակի մեջ էլ ընդգրկվել են ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ, արոտավայրեր, տրակտորային կայաններ և այլն։

«7օր»–ը ՀՀԿ–ական պատգամավոր Սուքիաս Ավիտեսյանից փորձել է ճշտել, թե որքանո՞վ է նպատակահարմար նման օրենքի ընդունումը։

Մեզ հետ  զրույցում նա ասել է, թե ինքը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել այդ օրենսդրական փոփոխությանը, բայց կարծում է, որ որոշակի փոփոխությունների կարիք կա։

–Ազգային ժողովում այսօր մտահոգություն է եղել ընդհանուր ցանկի հետ կապված, և կառավարության ներկայացուցիչն էլ  խոստովանել է, թե  այդ ցանկը դեռ պետք է հստակեցվի, և դա պետք է վերանայել։ Բայց նախաձեռնությունը դրական եմ գնահատում, որովհետև  դրանով մենք եկեղեցու  դերը բարձրացնում ենք, իհարկե, եթե խոսքը վերաբերում է եկղեցուն ծառայող և եկեղեցական օբյեկտներին,–ասել է նա։

Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ այնպես պետք է ձևակերպել օրենքը, որ ո՛չ եկեղեցու դերը նսեմացվի, ո՛չ էլ այնպիսի օբյեկտներ լինի, որ մարդիկ հիասթափվեն։

–Մենք այստեղ նաև տեղական ինքնակառավարման մարմինների  հետ  խնդիր ունենք, և չենք ուզում անընդհատ այս կամ այն կառույցին արտոնություն տալով՝ ՏԻՄ–ին զրկենք ռեալ եկամուտների աղբյուրից։ Այս օրենքում այդ վտանգաը կա,–ասել է։

Այսօր տնտեսագետ  Հրանտ Բագրատյանը հայտարարել էր՝ եկեղեցին ինչքան շատ հող վերցնի, այնքան պետությունը կկորի։

Հարցին, թե համամի՞տ է այս տեսակետին, Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է.

–Ես չգիտեմ, թե ինչ տնտեսագիտական ճյուղից է վերցրել այս թեզը Բագրատյանը կամ ի՞նչ պատմական նախադրյալներ կան....

Այն դիտարկմանը, թե Բագրատյանը  Արշակունիների անկման օրինակն է բերել, պատասխանել է, թե չի կարծում՝ անկումը դրանով է պայմանավորված եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը