Լրահոս

25.10.2011 15:15


Արձագանքելով Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու փաստին

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում, Ադրբեջանը 155 քվեով ընտրվեց ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ 2 տարվա մանդատով:

Ցավալի է, որ Հայաստանը չի առաջադրել իր թեկնածությունը: Ցավալի է նաև, որ հայկական կողմը արդյունավետ լոբբիստական աշխատանքներ չկարողավ իրականացնել, որպեսզի կանխարգելի կամ խափանի Ադրբեջանի ընտրությունը: Այս պայմաններում, Ադրբեջանը Արաբական պետությունների լիգայի աջակցությամբ և նաև Ռուսաստանի օգնությամբ (Երբ քվեարկության 8 փուլերից հետո արդյունքները բավարար չէին, ՄԱԿ-ի ԳԱ նախագահող Նասսիր Աբդուլազիզ ալ-Նասսըրը,  հաշվի առնելով քվեարկությանը հատկացված ժամանակի ավարտված լինելը, Սլովենիայի կողմից քվեարկության հետաձգման խնդրանքը և բանավոր թարգմանության ծառայության հասանելի չլինելը, որոշեց քվեարկության հաջորդ փուլը հետաձգել: Սակայն, Ադրբեջանը պահանջեց, որ քվեարկությունը շարունակվի ևս մեկ ժամ: Ֆրանսիան թեև ընդդիմացավ, բայց Ռուսաստանը պնդեց Ադրբեջանի դիրքորոշման վրա` պահանջելով նախագահողին` խնդրել թարգմանիչներին մնալ. ի վերջո, ընթացակարգային այսօրինակ խախտումներով որոշվեց քվեարկությունը շարունակել:) կարողացավ ընտրվել` որպես ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ:

Իրականում ՄԱԿ ԱԽ-ի ցանկացած ձևաչափի մանդատ արդյունավետ գործիք կարող է ծառայել այդ մանդատը ստանձնած երկրի համար, քանի որ այն միջազգային խաղաղության և անվտանգության հարցերում լրացուցիչ գերակա ձայն է ընձեռում տվյալ երկրին:

Ճիշտ է` ՄԱԿ-ի ոչ մի մարմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործառույթով օժտված չէ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է միայն իրավասու միջամտել կարգավորման գործընթացին, և միջնորդության համընդհանուր ընդունելի այս ձևաչափի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց վերջերս ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի իր ելույթում:

Այդուամենայնիվ, ՄԱԿ-ի ԱԽ կազմում ընտրվելը նոր հնարավորություն և նոր որակի ամբիոն կտար Հայաստանին միջազգային անվտանգության ըմբռնման Արցախի պատկերացումը վերպետական հանրությանը ներկայացնելու համար: Այն նաև կխթաներ Հայաստանի միջազգային հեղինակությունը:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 23-ի, ԳԱ ԱԽ ոչ մշտական անդամն ընտրվում է` հաշվի առնելով տվյալ երկրի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը և ՄԱԿ-ի այլ նպատակներին ուղղված մասնակցության հանգամանքը:

Նոնսենս է, որ արմենաֆոբիան պետական քարոզչություն դարձրած, ակնհայտ ռասիզմով ուղղորդվող և 9 տարվա ընթացքում շուրջ 500 %-ով ռազմական բյուջեն ավելացրած Ադրբեջանը ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն:

 

Փաստը նաև ցույց է տալիս ՄԱԿ-ի ներկա ընդհանուր քաղաքականության ձևախախտման մասին, երբ ՄԱԿ-ի հիմնական մարմինների վարքագիծը չի բխում ՄԱԿ-ի որդեգրած առաքելության համընդհանուր քաղաքականությունից:

Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությունը` ի դեմս Բան Կի-Մունի, կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծից դիպուկահարների հեռացման և սադրիչ գործողություններից խուսափելու պահանջներով, որոնք, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի բավարարում` ընդհակառակը, շարունակելով զինադադարի խախտման դեպքերը դիպուկահարների տարերային կիրառմամբ:

Սրանից հետո նույն ՄԱԿ-ի մյուս մարմնում` Գլխավոր ասամբլեայում, քվեարկվում է Ադրբեջանի թեկնածությունը ՄԱԿ-ի մյուս մարմնի` Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու նպատակով:

Վերը նշված հանգամանքները, որոնք կատարյալ նոնսենսներ են, վկայում են ՄԱԿ-ի ԱԽ-ի` որպես միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման համար ստեղծված մարմնի  հեղինակազրկման ու միևնույն ժամանակ կազմակերպության կառուցվածքային ու կանոնադրական վերափոխումների հրատապության մասին:

Մյուս նոնսենսի հեղինակը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն է, ով Ադրբեջանի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ հայտարարեց, թե “որպես տնտեսապես զարգացած երկիր, իրենք ընկալում են աղքատ երկրներին օգնելու իրենց պարտավորությունը”:

Այս առումով հարկ ենք համարում կից ներկայացնել մեր “Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության. Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը” հաղորդումը (ուղարկված ԶԼՄ-ներին 2010թ. սեպտեմբերի 22-ին), որտեղ համարփակ ներկայացված է Ադրբեջանի տնտեսական զարգացման իրական տեպմերը և Ադրբեջանի աղքատության պատկերը:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Հանրային կապեր

Այս խորագրի վերջին նյութերը