Լրահոս

25.10.2011 12:29


Եկեղեցուն պատկանող տարածքների մասին վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Եկեղեցուն պատկանող տարածքների մասին վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Այսօր խորհրդարանն անցել է «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» օրենքներում և «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուն: Քվեարկությունից առաջ, սակայն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ կարո՞ղ են վստահ լինել, որ մինչև երկրորդ ընթերցում կառավարությունը, ինչպես և խոստացել էր, կհստակեցնի եկեղեցուն պատկանող տարածքների ցանկը, և օրինագիծը քրիստոնեական տեսքի կբերվի: Հ. Աբրահամյանը նկատել է` երեկ իրենք պայմանավորվել են, որ կառավարությունն ավելի մանրամասն ցուցակ կներկայացնի:

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ մտահոգություն է հայտնել, որ հնարավոր է՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո եկեղեցուն պատկանող մեկ հեկտարանոց տարածքին ավելացվի ևս 20-30հա, ու այդպիսով, ի վերջո, գրեթե ծածկվի ամբողջ հանրապետությունը:

Հիշեցնենք, որ համաձայն այս օրենսդրական փաթեթի՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները և դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատվում են գույքահարկից և հողի հարկից: Իսկ այդ տարածքներում կառավարությունը ներառել է ֆուտբոլի դաշեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ, արոտավայրեր և այլն։

Ի վերջո, օրինագիծն ընդունվել է 74 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը