Լրահոս

24.10.2011 18:04


Ծնողները բողոքում են թիվ 42 դպրոցի տնօրենի պաշտոնակատարից

«Ծնողների և ուսուցիչների միությունը» «7օր»–ի էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկել, որում ասված է, թե Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծնողները դժգոհ են  այդ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Էլեոնորա Պ. Թումանյանից:

–Նա հալածում է ոչ միայն ուսուցիչներին, այլև աշակերտներին, հրամայել է դպրոց չթողնել ծնողներին, հեռվից եկող ուշացած աշակերտներին, նաև ուշացած ուսուցիչներին: Սկսել է սպառնալ մեզ և մեր երեխաներին, որ եթե մենք նոյեմբերի 1-ին կայանալիք դպրոցի տնօրենի  ընտրությանը չսատարենք ու չընտրենք իրեն, ինքը մեր երեխաներին «ռադ կանի» այդ դպրոցից,–ասված է հաղորդագրության մեջ։

Ծնողները նշում են, որ իրենք ունեն իրենց նախընտրելի թեկնածուն և չեն ցանկանում մեկ  ուրիշին։

–Մենք՝ թիվ 42 ավագ դպրոցի ծնողներս, չենք ուզում, որ մեր երեխաները սովորեն մի դպրոցում, որտեղ իշխելու է նման մարդ, և դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով այս ամենի մասին արդար լուսաբանում և հարցի լուծում, հակառակ դեպքում մենք մեր երեխաներին կհանենք այդ դպրոցից և կտանենք այլ դպրոց, որտեղ չեն լինի նման բաներ և նման մարդիկ: Մենք 400 երեխաների ծնողներ ենք, եթե ոչ ավելի: Մեր դպրոցում տիրում է խայտառակ իրավիճակ և անկայունություն: Ուսուցիչները վիճում են միմյանց հետ նույնիսկ դասերի ժամանակ, թե ով է լինելու դպրոցի ապագա տնօրենը: Դրանից տուժում են դպրոցում սովորող աշակերտները, ովքեր չեն կարողանում դաս սովորել,–գրել են նրանք։

Ըստ նամակի՝  անկայունությունն սկսվել է այն բանից հետո, երբ Էլեոնորա Թումանյանը ԿԳՆ–ի կողմից դպրոցում նշանակվել է տնօրենի պաշտոնակատար և փոխարինել թոշակի անցած նախկին տնօրեն  Զեմֆիրա Պողոսյանին:

– Էլեոնորա Թումանյանը 2 ամսում հասցրել է դպրոցում սպառնալ բոլորին , հրամայել է փակել դպրոցի գլխավոր մուտքը ժամը 8:30-14:30, չնայած նա դպրոց է գալիս 8:50-9:00-ին: Նա հասցրել է անգամ ահաբեկել ուսուցիչներին ու փոխտնօրեններին՝ ասելով՝ եթե դուք ինձ չսատարեք, այլ սատարեք Լիանա Ավագյանին, ապա բոլորդ նրա հետ միասին «փողոցում կհայտնվեք» ու կմնաք առանց աշխատանքի: Նա մեր ուսուցչանոցն անվանել է նաև «տրաքած բոմժանոց»,–ասված է նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը