Հարցազրույց

24.10.2011 16:51


Սերգեյ Նազարեթյան.

Սերգեյ Նազարեթյան.

Հարցազրույց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանի հետ

Վանի երկրաշարժին հաջորդած գիշերը գրանցված բազմաթիվ ցնցումները, ըստ Ձեր կանխատեսումների ,օրինաչա՞փ էին, և ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ ապագայում գրանցվեն նմանատիպ ցնցումներ:

–Օրինաչափ գործընթաց է: Մոտ 2-2,5 տարի այսպես շարունակվելու է: Այս փուլը կոչվում է երկրաշարժերի ակտիվ շրջան, իսկ այդ ժամանակաշրջանից հետո նորից կլինի պասիվ շրջան, որի դեպքում կրկին երկրաշարժեր կլինեն, բայց ոչ ուժեղ: Այս փուլում ուժեղ ցնցումները հավանական են: Իսկ այն, որ ուժեղ ցնցումից հետո գրանցվել են նոր երկրաշարժեր, կրկին օրինաչափություն է, քանի որ հաջորդող 24 ժամերի, նույնիսկ առաջին ժամվա ընթացքում գրանցվում են հիմնական ցնցումից ավելի թույլ, բայց կրկին ուժեղ երկրաշարժեր: Վառ ապացույցը գրանցված 4.0–6.0 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժերն են:

Հայաստանում գործող երկրաշարժերի օջախների վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Վանում գրանցված երկրաշարժը:

–Տեկտոնական բեկվածքը, որի վրա տեղի է ունեցել երկրաշարժը, Հայաստանի տարածքով չի անցնում. այն Թավրիզից գալիս է Երզնկա, ապա Ստամբուլի մերձակայք ու մտնում Էգեյան ծով: Սակայն քանի որ մենք գտնվում ենք նույն երկրակեղևի վրա, այդ բեկվածքի վրա գրանցված երկրաշարժերը մենք ևս ուժգնությամբ զգում ենք: Կարող եմ ասել, որ, հաշվի առնելով տարածաշրջանների տեկտոնական կապվածությունը, Վանի շրջանում էներգիայի ուժեղ արտազատումը նվազեցրել է Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժերի հավանականությունը, և հնարավոր է, որ դրա համար տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մենք խուսափեցինք մեր տարածքում հզոր ցնցումից:

Իսկ որքանո՞վ ենք մենք պատրաստված նման երկրաշարժերին:

–Դե գիտեք՝ որքանով... Ճապոնիան, որը երկրաշարժերի հարուստ փորձ ունի, ամբողջովին պատրաստված չէ, նույնը մենք: Ինչ–որ ոլորտներում պատրաստ ենք, որոշներում՝ ոչ: Մտահոգիչ է սովետական շրջանում կառուցված որոշ շենքերի վիճակը: Դրանք սեյսմակայունության տեսակետից շատ կասկածելի են:

Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում առանձնացնել՝ թուրքական «Zaman» պարբերականը տեղեկություն էր տարածել, որ գրանցված երկրաշարժի հետևանքով վտանգվել է մեր ատոմակայանը: Կատարյալ հիմարություն է. որտեղի՞ց են վերցրել այդ տեղեկատվությունը՝ անհասկանալի է: Ուզում եմ նշել, որ մեր ատոմակայանը հաշվարկված է 9–ը բալի համար, իսկ Հայաստանի տարածքում երեկ գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Սա թուրքական կողմից իրականացվող սադրանք է, որը քաղաքական պատվեր է հիշեցնում:

Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը

Այս խորագրի վերջին նյութերը