Լրահոս

23.10.2011 19:47


Սերժ Սարգսյանը պետական այցով ժամանել է Մոսկվա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով ժամանել է Մոսկվա:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, Հանրապետության ղեկավարն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի և մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները:

Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում է 1,32 հա տարածք: Հաստատված նոր նախագծով բուն շինարարական աշխատաքներն սկսվել են 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` վարդագույն տուֆով` բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է` գոտևորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով:

Պետական այցի առաջին օրը Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Էսթետ» ոսկերչական տուն: Շրջայցի ընթացքում «Էսթետ» ոսկերչական տան հիմնադիր և ղեկավար Գագիկ Գևորգյանը, ով նաև Հայ ոսկերիչների միության նախագահն է, Հանրապետության ղեկավարին ներկայացրել է դեռևս 1991թ. հիմնադրված և անցած երկու տասնամյակների ընթացքում մեծ հաջողությունների հասած ոսկերչական տան աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Այս խորագրի վերջին նյութերը