Լրահոս

21.10.2011 15:22


Մշակույթի նախարարությունն ու մշակութային ինկվիզիցիան

ՀՀ մշակույթի նախարարությունը  անցկացնում  է  «Գրական տապան» մշակութային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվում տարբեր երկրներից բանաստեղծներ: Ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ երկու օր առաջ, իսկ  այսօր մասնակիցները  կմեկնեն 2 օրով  Ջերմուկ` կլոր-սեղան քննարկումների:

 

Միջոցառման գաղափարը բավականին գրավիչ է, եւ գուցե այն այդպիսին շարունակեր թվալ, եթե չլիներ հետեւյալ միջադեպը.

Ծրագրին  հրավիրել էր մասնակցելու նաեւ բանաստեղծ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամիոնի դոցենտ, ԲԳԹ Վահե Արսենը: Վերջինս 2 օր առաջ ներկա է եղել բացման արարողությանը, մասնակցել ճաշին, ծանոթացել ներկաների հետ: Կարճ ասած` ամեն ինչ լավ է եղել, եւ հարթ  էլ կընթանար, եթե  դրա հաջորդ օրը չզանգահարեին ՄՆ-ից ու չհայտնեին, որ նա չի կարող մասնակցել Ջերմուկում կայանալիք կլոր-սեղան քննարկումներին:

«Այս քայլն առնվազն խուլիգանություն է. անգամ ԵՊՀ դասատախտակներում  տեղափոխություններ էին կատարվել, նաեւ լրջորեն տրամադրվել էի, պատրաստվել, ու    հանկարծ ասում են` ես չեմ կարող մասնակցել այդ միջոցառմանը բոլորովին անհիմն պատճառաբանությամբ»: Ավելի ուշ  ՄՆ-ը փորձում է գրականության մասնագետ գտնել ԵՊՀ-ից, որտեղից պետք է գնար Հենրիկ Էդոյանը: Վերջինս վատառողջ լինելու պատճառով նախօրոք  հրաժարվել էր: ԵՊՀ լրատվության բաժնի միջոցով կապվում են Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի հետ, ով  անտեղյակ լինելով խնդրից,  տալիս է Վահե Արսենի անունը: Այստեղ, ուշադրություն,  ՄՆ-ը ներկայացուցիչը, լսելով Վ. Արսենի անունը, մերժում է, այս անգամ նույնիսկ առանց պատճառաբանության:

ՄՆ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի խոսքով`  Վահե Արսենի նկատմամբ ոչ մի հատուկ մոտեցում չկա:  Վերջինիս հավաստիացմամբ  գրողին հրավիրվածների ցուցակից կրճատել են, քանի որ հյուրանոցում տեղերը սահմանափակ են եղել.  կրճատել են նաեւ 10 մասնակցի: Կրճատվածների թվում, ըստ Դ. Մաթեւոսյանի ոչ միայն Վահե Արսենն է, այլեւ Ալեքսանդր եւ Անահիտ Թոփչյանները, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Գեւորգ Գիլանցը…. Զրուցեցինք նաեւ Ալ. Թոփչայի հետ` պարզելու կրճատել են նրա անունն արդյոք մասնակիցների ցուցակից, թե ոչ. “Ես առողջական խնդիրներ ունեի, եւ ես ու Անահիտ Թոփչյանը որոշեցինք չմեկնել Ջերմուկ: Այդ մասին նախօրոք տեղեկացրել ենք միջոցառման կազմակերպիչներին, որպեսզի ուրիշ մեկին տանեն մեր փոխարեն”: Ստացվում է`չեն կրճատել, հրաժարվել են: Ուրեմն, ինչ, Մշակույթի նախարարությունը հալածո՞ւմ է արվեստագետին:

Այս ողջ պատմությունը կարող էր ուղղակի թյուրիմացությունների շարք թվալ, եթե չլիներ մեկ այլ միջադեպ. 2008 կայանում է ԱՊՀ երկրների դեբյուտների համագործակցության միջոցառումը Դուշանբեում: Հայկական պատվիրակությունը ՄՆ գլխավորությամբ պետք է մեկներ այնտեղ: Մոսկվայից Վահե Արսենին հրավիրում են` մասնակցելու միջոցառմանը, քանի որ ավելի ուշ պարզ է դառնում, որ նա է միջոցառման  մրցանակակիրնեից մեկը` Հայաստանից միակը: Տրամաբանական է, որ հենց նա էլ պետք է մեկներ միջոցառմանը:

Այն ժամանակ Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպելով` գրողը պարզում է, որ ինքը չի կարող մեկնել պատվիրակության հետ: ՄՆ-ի դեպքում արդեն

բնականաբար պատճառաբանություններ  ուղղակի չեն լինում: Բանաստեղծն անձամբ կոնֆլիկտ է ունենում Հ. Պողոսյանի հետ:

“Այն ժամանակ եւս մեծ աղմուկ եղավ, եւ կարծեցի` երեք տարի անց վերջապես ի նշան հաշտության հրավիրել է ինձ այդ միջոցառմանը, ես էլ  ընդունեցի այն: Մինչդեռ, արի ու տես, որ սա ընդամենը թյուրիմացություն էր. կարծում եմ` նա պարզապես չի իմացել, որ ինձ են հրավիրել, եւ  տեսնելով ու հիշելով  ինձ ծրագրի բացմանը` որոշել է վրեժ լուծել` կասեցնելով իմ մասնակցությունը միջոցառմանը”,-կարծում է Վ. Արսենը:

Հ.Գ. Փաստորեն փոխանակ մեր չինովնիկները տեսած եւ տեղյակ լինելով սովետական կարգերի բռնապետական գրաքննությանն ու արվեստագետների հալածանքներին` որդեգրեն մարդասիրական, արվեստասիրական  քաղաքականություն, հակառակը, յուրացնում են ու շարունակում  նախկինների ստալինյան մշակութային ինկվիզիցիա՞ն:

«Արվեստն առանց չինովնիկների» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը