Հարցազրույց

21.10.2011 15:27


Վարդան Գրիգորյան

Վարդան Գրիգորյան

Հարցազրույց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ անդամ Վարդան Գրիգորյանի հետ

–Հայ ազգային կոնգրեսից Ձեր որոշ գործընկերներ, այդ թվում՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հայտարարեցին, որ ՀԱԿ–ն այլևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար չի պայքարում, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելով՝ Ձեր թիրախը դարձել է արտահերթ նախագահական ընտրությունը։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ՀԱԿ–ը մասնակցելո՛ւ է հերթական խորհրդարանական ընտրություններին։

–Հայ ազգային կոնգրեսը երբևիցե հետ չի կանգնում իր նախանշած որևիցե գործից, և եթե մենք ասում ենք՝ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, ու Լևոն Տեր–Պետրոսյանն էլ վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ պահանջելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, նշանակում է, որ դրանով համակարգայի՛ն փոփոխություններ են լինելու։ Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ես վստահեցնում եմ, որ երևի թե դուք Կոնգրեսի մեր ընկերների ասածները սխալ եք հասկացել։ Թեկուզ կե՛ս ժամ մնացած լինի հերթական ընտրություններին, միևնույն է, արտահերթ ընտրություններ լինելո՛ւ են։ Այլապես եթե հերթական ընտրությունների գնացինք, իմացե՛ք, որ դրանք այս իշխանություններն անպայմա՛ն կեղծելու են, ինչի դեմ էլ մենք պայքարում ենք։

–Եթե, այդուհանդերձ, հերթական ընտրություններ են լինում, ՀԱԿ–ը և կոնկրետ Ձեր կուսակցությունը չե՞ն մասնակցելու դրանց։

–Ես չեղած բաները չեմ մեկնաբանում։ Ես ասում եմ, որ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, և մեր կուսակցությունը՝ ի թիվս մյուս կուսակցությունների և հ/կ–ների, որոնք ձևավորել են ՀԱԿ–ը, ամեն ինչ անելու է արտահերթ ընտրություններով մեր երկիրն այս բռնակալ իշխանություններից ազատագրելու համար։ Ինքներդ ականատես եղաք, թե երկարաձգելն ինչի է հանգեցնում։ Քադաֆիին սատկացրին, նրա զավակներին սատկացրին։ Ես չեմ ուզենա, որ այստեղ այդ սատկացնելով փոփոխություն լինի։ Ես ուզում եմ՝ ամեն ինչ օրինական կարգով ձևավորվի, և օրինական կարգով ժողովուրդը վերադառնա իր ակունքներին։ Ես ուզում եմ, որ Սահմանադրության 2–րդ հոդվածն անպայման գործի, իշխանությունը վերադառնա ժողովրդին։

–Խորհրդարանական ընտրություններին ԺՈՒԿ–ը ՀԱԿ–ի հե՞տ է մասնակցելու, թե՞ առանձին։

–Երբ արտահերթ ընտրությունների ժամանակ ձևավորվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների օրը, այդ օրերի ընթացքում էլ կհավաքվենք, կորոշենք և այդ որոշումը կհարապարակենք։ Կուսակցությունը մասնակցելու է բոլոր տեսակի ընտրություններին՝ համապետական, տեղական։ Եթե մենք քաղաքական միավոր ենք, եթե մենք ունենք համապատասխան ծրագիր, որ պիտի իրականացնենք, մենք ոչ թե այդ ծրագիրն ու գաղափարները լոկ թղթին հանձնելու համար ենք անում, այլ անպայման ուզում ենք, որ դրանք իրականացվեն ժողովրդի միջոցով ժողովրդի համար։ Մասնակցության ձևաչափը չենք որոշել, բայց ես չեմ կասկածում, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հավատարիմ կմնա իր դիրքորոշմանը և իր մարտական ընկերների հետ միասին, որոնք այսքան տարի շարունակ պայքարում են երկրում իշխանությունը վերադարձնել ժողովրդին, կշարունակի այդ ուղով ընթանալ։ Այսինքն, Կոնգրեսի մեր ընկերների հետ միասին։

–ՀԱԿ–ը խորհրդարանական ընտրությունների իր ցուցակն ի՞նչ սկզբունքով է կազմելու։

–Չեղած բանն առայժմ ես չեմ մեկնաբանում։ Իսկ ինչ մնում է նախորդ ընտրությունների ժամանակ ձևավորված ցուցակների սկզբունքին, դրանք կոնսենսուսով ձևավորված ցուցակներ էին, բոլո՛ր կուսակցությունների բոլոր գործուն անդամներն ընդգրկված էին, որոնք կարող էին դրական տեղաշարժ ապահովել։ Այնպես որ, կամայական որևիցե բան Կոնգրեսում չի արվում. արվում է խորհրդի կազմով քննարկումների արդյունքներում։

–Բայց այն ժամանակ ՀԱԿ–ի ուժը մի քիչ այլ էր, իսկ հիմա գրեթե բոլորն են փաստում, որ ՀԱԿ–ը թուլացել է, և, փաստորեն, ապագա խորհրդարանում շատ ավելի քիչ տեղեր կարող է զբաղեցնել։ Այսինքն, խորհրդարան անցողիկ տեղերը քիչ են։ Իսկ եթե նույնիսկ այն ժամանակ ՀԱԿ–ում ցուցակի հետ կապված խմորումներ եղան, հիմա մտավախություն չկա՞, որ է՛լ ավելի հակասություններ կլինեն։

–Ես խնդրում եմ՝ այդ թյուր կարծիքը ձեր միջից հանեք։ Եթե դուք ցանկանում եք ժողովրդի մեջ պատրանք ստեղծել, որ Կոնգրեսը թուլացել է, ես ձեզ հակառակը կապացուցեմ։ Կոնգրեսն այսօր է՛լ ավելի է հզորացել. Կոնգրեսի հետ այսօր հաշվի են նստում ոչ միայն իշխանությունները, այլ նաև միջազգային բոլոր կառույցները, Կոնգրեսը հպարտորեն իր դիրքերն է՛լ ավելի է ամրապնդում։ Այսօր Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ շարունակում է իր պայքարն առանց որևիցե վախի և քծնանքի, ամեն ինչ անում է, որ երկրում կարգ ու կանոն հաստատվի։

–Ասում եք, որ ՀԱԿ–ն այսօր է՛լ ավելի է հզորացել։ Բայց ինչպե՞ս է հզորացել, որ նույնիսկ ՀԱԿ–ի պահանջով Սերժ Սարգսյանը մի սովորական զուգարան չբացեց։

–Ես ասեմ՝ Գալուստ Սահակյանի ցիլինդրը մեզ համար լավ էլ գարշոկ էր, ու որևիցե մեկն այդ զուգարանի կարիքը չէր զգում։ Ցիլինդր ասելով նկատի ունեմ Գալուստ Սահակյանի ցիլոն, որ գարշոկի փոխարեն էր մատակարարվում նստացույցի մասնակիցներին։ Իշխանություններն իրենց «բուրմունքներով» թող զբաղվեն, իսկ մեր պայքարը զուգարանների համար չէ։ Սերժ Սարգսյանի այդ արարքն ապացուցեց իշխանությունների ճղճիմության բարձրակետը։

–Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանը մինչ այժմ կատարել է ՀԱԿ–ի ա՛յն պահանջները, որոնք բխել ենք հենց ի՛ր շահերից։ Որ պահանջը չէր բխում նրա շահերից, չի կատարել։ Այսինքն, այդ պահանջների կատարումը ոչ թե ՀԱԿ–ի հզորության շնորհիվ էր, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի շահերից էր բխում։

–Ուրեմն այդ առումով ես ձեզ հետևյալն ասեմ։ Գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Այնպես որ, ձեզ չթվա, թե Սերժ Սարգսյանն ինչ–որ բարի կամքով կամ իր շահերից դրդված կարողացավ այդ հարցերը լուծել։ Սերժ Սարգսյանն ինքը վախեցավ ժողովրդի ճնշումներից, և այդ ճնշումների արդյունքով էր, որ քայլերը կատարեց։

–Հետևաբար, ՀԱԿ–ի վերջին նստացույցի ժամանակ գյուղ չէր կանգնել, որ գերանը չկոտրվեց։

–Հետևաբար, ես ձեզ ասեմ, որ գյուղը կանգնել էր, և այն ճղճիմությունը, որ իրականացրեց իշխանությունը՝ զուգարաններ փակելով, Երևան քաղաքը շրջափակման մեջ վերցնելով, ժողովրդին գրգռելով ՀԱԿ–ի դեմ, որ տեսեք՝ Կոնգրեսը միտինգ է անում... դրա համար մենք ձեզ չենք թողնում Երևան մտնել։ Սա վախկոտի տրամաբանություն է։ Սերժ Սարգսյանն իր թիմով լավագույն շոումեններից մեկն է, որը ցուցադրական այս շոուները կազմակերպելով՝ փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել։ Բայց սրանով ժողովրդի ո՛չ սոցիալական վիճակն է լավանում, ո՛չ բարոյահոգեբանական, ո՛չ էլ մեր ժողովուրդն ապագա կունենա։ Շոուներով երկիր չեն պահում։ Պահում են միմիայն նրանով, որ ժողովրդին իրոք ապահովեն ամեն ինչով։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը