Լրահոս

20.10.2011 17:49


Գյումրիում դատարանը վճռել է քանդել տարեց հաշմանդամ կնոջ տնակը

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի մայիսին վճռել է պարտադրել Գյումրու Մուսաելյան փողոցում գտնվող 139/006 ժամանակավոր կացարանի բնակիչ 74-ամյա 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ Աղունիկ Ասլեյանին տնակը տեղահանել և տարածքն ազատել` դատավոր Արմեն Խաչատրյան: Այդ տնակում միայնակ բնակվող տարեց կինը հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1 սենյականոց բնակարանի հավակնորդների 344 հերթական համարում: Երկրաշարժին նրանց ընտանիքը կորցրել է սեփական տուն, իսկ ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում ներկայումս իրականացվող բնակարանաշինության ծրագրով Գյումրիում սեփական տուն կորցրած ընտանիքները բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց բնակարաններով ապահովման խնդրին կառավարությունը խոստացել է անդրադառնալ 2013 թվականին:

Այս տնակի տարածքը 2009 թվականին Գյումրու քաղաքապետարանի կողմից աճուրդ վաճառքով օտարվել է: Տարածքի սեփականատերերը, որոնց պատկանում է հարակից` Լենինականի նախկին փայտամշակման գործարանի վարչական շենքը, որը վերածել են խանութի, տնակի տեղահանման անհրաժեշտությունը պատճառաբանում են կառուցապատման շահերով, այն դեպքում, երբ այդ տնակը մասամբ է գտնվում իրենց տարածքում և տեղադրված է խանութից 18 մետր հեռավորության վրա` փողոցի մայթեզրին:

Ավելացնենք, որ Գյումրու բուժհիմնարկություններում 50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Աղունիկ Ասլեյանը երրորդ տարին է ներքաշված է դատական քաշքշուկների մեջ: Նա բնակվելու այլ վայր չունի և պարտադրված, բառիս բուն իմաստով մաքառում է հանուն իր տնակի պահպանման, որն ի դեպ շարքից վաղուց դուրս է եկել:   Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում http://www.youtube.com/watch?v=cMcc7tkYiGI&feature=channel_video_title : www.shirakcentre.org

Այս խորագրի վերջին նյութերը