Տնտեսական

31.07.2023 11:30


Գործազրկությունն ավելացել է, զբաղվածությունը՝ կրճատվել. որտե՞ղ են նոր ստեղծված աշխատատեղերը

Գործազրկությունն ավելացել է, զբաղվածությունը՝ կրճատվել. որտե՞ղ են նոր ստեղծված աշխատատեղերը

Մինչ Նիկոլ Փաշինյանն ամեն ամիս հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում, պաշտոնական վիճակագրության համաձայն, տարեսկզբին գործազուրկների քանակը Հայաստանում հազարներով ավելացել է։ Հազարներով կրճատվել է նաև զբաղվածների քանակը։

Այս պահին հայտնի են առաջին եռամսյակի տվյալները, որոնք վկայում են, որ նախորդ տարվա վերջի համեմատ՝ գործազրկությունը 8,3 տոկոսային կետով աճել է։

Անցած տարվա վերջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել 165,8 հազար մարդ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 179,6 հազար։

Գործազուրկների քանակը նախորդ տարվա վերջի համեմատ ավելացել է 13,8 հազարով։

Այդքան մարդ կորցրել է աշխատանքը և համալրել գործազուրկների բանակը, չնայած Նիկոլ Փաշինյանը հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում։

Հարց է առաջանում, եթե այդքան աշխատատեղեր են ստեղծվում, ինչո՞ւ է խորացել գործազրկությունը։

Անցած տարվա վերջին, պաշտոնական վիճակագրության տվյալներով, գործազուրկ էր աշխատունակ բնակչության 12,7 տոկոսը, ինչը Նիկոլ Փաշինյանը պատմական ռեկորդ էր համարում, այս տարվա սկզբին՝ 13,7 տոկոսը։

Գործազրկությունը 1 տոկոսային կետով խորացել է։

Մեկ տոկոսային կետն արտաքուստ գուցե մեծ թիվ չէ, բայց դա նշանակում է, որ գործազուրկների քանակը շուրջ 14 հազարով ավելացել է։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած հազարավոր, նույնիսկ տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծման ֆոնին, տարեսկզբին պաշտոնական վիճակագրությունը նաև զբաղվածության կրճատում է արձանագրել։

Անցած տարվա վերջին Հայաստանում զբաղված է եղել 1 մլն 141 հազար մարդ, այս տարվա սկզբին զբաղվածների քանակը դարձել է 1 մլն 129 հազար։

Այսինքն՝ 12 հազար մարդ դադարել է զբաղված լինել կամ կորցրել է աշխատանքը։

Զբաղվածների քանակի կրճատման ու գործազուրկների ավելացման պայմաններում, անշուշտ, տարօրինակ են աշխատատեղերի աճերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Տարօրինակությունը գալիս է նրանից, որ հայտարարագրվող աշխատատեղերի աճերը շատ հաճախ կապ չունեն զբաղվածության հետ։ Դրանք ոչ թե նոր, այլ եղած աշխատատեղերն են, որոնք հայտարարագրվում են։

Զբաղվածության առումով այդ աշխատատեղերը որևէ բան չեն փոխում։ Դրանք նախկինում ստվերում էին զբաղվածություն ապահովում, հայտարարագրվելուց կամ ստվերից դուրս գալուց հետո էլ են ապահովում։

Զբաղվածության առումով պատկերը նույնն է մնում, որովհետև ավելացող աշխատատեղերը հիմնականում նոր չեն, որքան էլ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է դրանք նոր աշխատատեղեր անվանել։

Հայտարարում է, իբր թե վերջին տարիներին տասնյակ, նույնիսկ հարյուր-հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել, չնայած դրանց մեծ մասը բոլորովին էլ նոր աշխատատեղեր չեն։ Դրանք նախկինից եկած աշխատատեղեր են, որոնք զբաղվածություն են ապահովել տասնյակ-հազարավոր քաղաքացիների համար. լինի թաքնված թե հայտարարագրված՝ ոչ մի տարբերություն չկա։

Այսօր էլ այդպիսիք քիչ չեն ու հայտարարվող գրանցված աշխատատեղերի աճերի մեջ դրանք բավական մեծ տեսակարար կշիռ ունեն՝ անկախ նրանից, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ։

Նախկինում չէր ասում, թե նոր աշխատատեղեր են ստեղծվել, ասում էր՝ ավելացել են։ Տարբեր առիթներով, երբ հարցնում էին, թե դրանցից քանի՞սն են նոր ստեղծված, պատասխան չկար։ Պատասխան չկար ոչ թե այն պատճառով, որ դա անհնարին էր հաշվել, այլ այն պատճառով, որ այդպիսիք շատ քիչ էին։

Որպեսզի շրջանցեն խնդիրը, Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հայտարարագրվող աշխատատեղերն այլևս նոր ստեղծված է համարում։ Չնայած դրանից մեծ բան չի փոխվում, բոլորն էլ գիտեն, որ այդ աշխատատեղերի մեծ մասը նախկինում ստեղծվածներն են, որոնք հայտարարագրվելուց հետո էլ զբաղվածության առումով ոչինչ չեն փոխում։

Դա է պատճառը, որ հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացման պայմաններում, զբաղվածության պատկերը մեր երկրում նույնպիսի տեմպերով չի փոխվում։ Ընդհակառակը՝ ինչպես տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ, զբաղվածությունը մեր երկրում տարեսկզբին նույնիսկ կրճատվել է, իսկ գործազրկությունը՝ ավելացել։

Վերջին մեկ տարում հայտարարագրվող աշխատատեղերի աճերն էլ շատ հաճախ ոչ թե մեր, այլ դրսից եկածների կամ ռելոկանտների հաշվին են։ Անցած տարի այդպիսի 10 հազարից ավելի աշխատատեղ է բացվել Հայաստանում։

Սա նպաստել է, որպեսզի գրանցված աշխատատեղերի քանակը մեր երկրում ավելանա, բայց դրանից Հայաստանի քաղաքացիների զբաղվածությունը չի բարելավվել։ Այսօր էլ հազարավոր քաղաքացիներ աշխատանք չունեն։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբին Հայաստանում գործազուրկ է եղել գրեթե 180 հազար մարդ։

Սա էլ գործազուրկների հսկայական բանակ է, բայց նույնիսկ դա լիարժեք չի արտահայտում մեր երկրում գործազրկության իրական պատկերը։

Խնդիրն այն է, որ զբաղվածների մեջ ներառված են ավելի քան 330 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք համարվում են աշխատանքով ապահովված, որովհետև հող ունեն, թեև նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, ովքեր այդ հողից գրեթե եկամուտներ չեն ստանում ու ստիպված են լինում հրաժարվել մշակումից։

Սա ձևական զբաղվածություն է շատերի պարագայում։

Եթե հաշվի առնենք, որ զբաղվածների մի հսկայական հատված միայն թղթի վրա է ապահովված աշխատանքով, ապա կտեսնենք, թե ինչպիսի քանակների է հասնում Հայաստանում գործազրկությունը։ Հարյուր-հազարավոր մարդիկ իրականում գործազուրկ են ու հաճախ ստիպված են իրենց աշխատանքի ու եկամուտների խնդիրները լուծել արտագաղթի ու արտագնա աշխատանքի միջոցով։

Հսկոբ Քոչարյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը