Հարցազրույց

18.10.2011 13:33


Դավիթ Հակոբյան.

Դավիթ Հակոբյան.

Հարցազրույց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ

–Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու հարցն է բարձրացրել և հնարավոր է համարել ավելի լայն կոալիցիա ստեղծելը։ Եթե Ձեզ այս ավելի լայն կոալիցիային անդամագրվելու առաջարկ լինի, ի՞նչ պատասխան կտաք։

–Իմ պատմական կանխատեսումը, երբ ես տվել էի կոալիցիոն նոր հռչակագիրը ստորագրելու ժամանակ իրականություն դարձավ։ Ձեր նշածն ասեկոսեներ չեն. դրանք լուրջ քաղաքական հիմք ունեն։ Ռոբերտ Քոչարյանը սրընթաց մտնում է քաղաքական դաշտ, և եթե այսօրվա նախագահը նրա առաջը չառնի, հետևանքները կլինեն շատ անկանխագուշակելի։ Եվ ընդհանրապես գործող նախագահը չպետք է թույլ տա՝ նա կես ոտք անգամ մտնի քաղաքական դաշտ։ Ինչքան էլ Քոչարյանը հորդորի ներկա նախագահին, թե ես քեզ գալիս եմ բուքսիր, որ միասին երկիրը ղեկավարենք, ինչպես պուտինմեդվեդևյան դուետը, դրանք կեղծ հորդորներ են, և չպետք է դրանց հավատա գործող նախագահը։ Փաստ է, որ հիմնական ճակատամարտը կլինի ոչ թե ՀԱԿ–ի և գործող նախագահի միջև, այլ 2–րդ և 3–րդ նախագահների միջև։ Գլխավոր ճակատամարտն այնտեղ սպասեք։

–Իսկ այդ նոր ստեղծվելիք կոալիցիային, որի մասին, ըստ խոսակցությունների, հայտարարել է Սերժ Սարգսյանը, Դուք կմիանա՞ք։

–Ոչ թե նա՛ է հայտարարել, այլ ե՛ս եմ հորդորել նախագահին հուլիսի 16–ի ասուլիսի ժամանակ, որ գնան ավելի լայն կոալիցիայի (ինչպես Պուտինը ժողովրդական ճակատ ստեղծեց) և Հանրապետական ոհմակի 50%–ը բարեփոխել նոր, ժողովրդականությո՛ւն ունեցող մարդկանցով։ Այդ ե՛ս եմ հորդորել, և Սերժ Սարգսյանն արդեն նախապատրաստում է դա։ Ե՛ս եմ առաջինը առաջարկել գնալ, այսպես կոչված, կուսակցություն–ժողովուրդ դաշինքի, ժողովրդական ճակատ ստեղծել։ Հանրապետական բառից նողկանք է ապրում հայ ժողովուրդը, և այլևս այդ բառի տակ նա երբեք խորհրդարանական ընտրություն չի շահի։ Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը պետք է գնա նոր անվանման, նոր դաշինքի, նոր ձևաչափի։ Գոնե 50%–ը պետք է նորոգի, նոր կադրերով համալրի։ Սա՛ է խնդիրը, որ նախագահը պետք է իրագործի։

–Հետևաբար, Դուք համաձայն կլինեք լինել այդ նոր ճակատում։

–Ես կլինեմ այն կոալիցիայում, որի բոլոր հիմքերը ես կտեսնեմ, որն իսկապես անկեղծ կծառայի հայ ժողովրդին՝ անկախ նրանից՝ ինչպիսի անուն կունենա։ Խոսքն այնպիսի կոալիցիայի մասին է, որտեղ կիրագործվի նոր գաղափարական սերնդափոխությունը. հին լոլոներով երկիր չես կարող պահել։ Խոսքը նոր նեոլիբերալիզմի մասին է։ Ես գաղափարին զինվորակցող եմ, ոչ թե անհատներին։ Այնպես որ, իմ այս բոլոր ասածների վրա մի լավ պետք է փիքր անել։

–Իսկ Ձեր ասած այդ լայն ազգային ճակատում նաև Լևոն Տեր–Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ կարո՞ղ են լինել։

–Երբեք մի՛ շփոթեք ՀՀՇ–ական ռևանշիստական ընդդիմությունը համազգային ընդդիմության հետ։ Այն այդպես էլ համազգային ընդդիմություն չդարձավ։ Առաջին նախագահի ամբողջ սխալն այդտեղ էր։

–Այսինքն, անգամ եթե առաջին նախագահը լինի, Դուք էլի կհամաձայնեք այդ կոալիցիայի մեջ մտնել։ Եվ ընդհանրապես ինչպե՞ս է հնարավոր հին մարդկանցով, արդեն կարծրացած գաղափարներով մարդկանցով նոր գաղափարախոսության կոալիցիա ստեղծել։

–Հարցրե՛ք Պուտինին, թե ինչպե՞ս դա արեց։ Այդպես էլ թող մերոնք սովորեն։ Ռուսական, պուտինյան քաղաքական դպրոցին թող լավ ունկնդրեն մեր իշխանավորները, մեր արքունիքը։ Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ անցյալում իմ համագործակցությանը, ապա ես հպա՛րտ եմ, որ նրա հետ 2008–ին ապստամբության դրոշը բարձրացրեցի, որ այդ ժամանակ առաջին նախագահի կողքին կանգնած եմ եղել, և իմ պատմական առաքելությունը՝ որպես ընդդիմադիր, նոր գաղափարական ուժ, կատարել եմ սրբությամբ։ Բայց երբ գործը հասավ տակտիկական զինանոցին, գաղափարական սնանկությանը և հին կադրերի վրա նորից հենվելուն, և ՀՀՇ–ական ընդդիմությունն այդպես էլ չդարձավ համաժողովրդական ընդդիմություն, ես այնտեղ այլևս անելիք չունեի։ Բայց ես հպարտ եմ, որ կանգնել եմ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ ընդդիմության ճակատում և երբեք չեմ փոշմանել։

–Այսինքն, ով էլ ձևավորի այդ ճակատը, Դուք պատրաստ եք միանալ նրան։

–Ես կանգնած եմ այդ նոր ճակատում՝ կուսակցություն–ժողովուրդ ալյանսում՝ պուտինյան սկզբունքով, որը պետք է նոր գաղափարական սերդնափոխության հենքը լինի։ ՀՀՇ–ն այդ համաժողովրդական ճակատի ստեղծողը չէ և չի կարող լինել։ Ես ոչ մի հիմք չեմ տեսնում ընդդիմադիր ճամբարի դերակատարման համար։ Քաղաքական էգոիզմը հասել է իր կուլմինացիային։ Ազգային շահերը նրանց մոտ երկրորդական պլանում են։ Իսկ եթե ընդհանուր համազգային ընդդիմություն կձևավորվի՝ նոր գաղափարական հենքի վրա, նոր առաքյալներով, ես այնտեղ եմ, դա կլինի իշխանական թևի նախաձեռնությունը, դա կլինի ընդդիմադիր թևի նախաձեռնությունը։ Ազգին երկու անհրաժեշտ պատմական իրողություն է թելադրվում՝ նոր գաղափարական սերնդափոխություն, նոր տնտեսական քաղաքականություն հանուն ազգի կենսաբանական անվտանգության։ Խոսքն այսօր նոր գաղափարական անհատականություններին քաղաքական թատերաբեմ ուղարկելու մասին է՝ արդյոք ազգը կարո՞ղ է այդ քաղաքական երկունքն ապրել և ուղարկել նոր անհատականություններ։ «Не важно какого цвета кошка, лишь бы она ловила мышей»,–Սյաոպինի խոսքերով էլ ավարտենք։ Ազգի կոնսոլիդացիան անհրաժեշտություն է օդի և ջրի նման։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը