Լրահոս

17.10.2011 17:07


Սերժ Սարգսյանն աջակցությո՞ւն է հայցում Արևմուտքից

Սերժ Սարգսյանն աջակցությո՞ւն է հայցում Արևմուտքից

Այսօր Գյումրիում լրագրողների հետ են հանդիպել «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը: Բանախոսները անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին: Մասնավորապես Ստեփան Սաֆարյանը մեղադրել է իշխանություններին և ՀԱԿ-ին միահամուռ ուժերով հասարակության շրջանում հիասթափության մթնոլորտ ձևավորելու համար, սակայն համոզմունք է հայտնել, որ իրավիճակը կփոխվի ընտրությունների նախաշեմին.

«Ես ուզում եմ, ի ուրախություն մեր ժողովրդի և ի տխրություն իրենց, ասել, որ այս անգամ ևս ժողովուրդը, պայքարելով հանուն հաղթանակի, խառնելու է բոլոր խաղաքարտերը: Մի նայե՛ք այսօրվա ճահճացած և լճացած իրավիճակին, երբ թե՛ իշխանությունը, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը միասնաբար կարողացել են հասարակության լայն զանգվածներին մղել դեպի հիասթափություն և օտարում, բայց յուրաքանչյուր ընտրության շրջանում մենք տեսել ենք՝ ինչպես է այդ օտարված և հիասթափված քաղաքացին ոտքի կանգնում»-նշել է ԱԺ պատգամավորը:

Ստեփան Սաֆարյանը նաև երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ Սերժ Սարգսյանին մեղադրել է անգործության մեջ՝ նշելով, որ ՀՀ նախագահը և նրա ղեկավարած կուսակցությունը զբաղված են իրենց իշխանության վերարտադրման խնդիրը լուծելով.

«Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս իր առաջնորդի, այս վերջին մեկ տարին երկրի խնդիրները լուծելու փոխարեն բացառապես զբաղված է իր PR արշավով և Արևմուտքներում աջակցություններ հայցելով: Իսկ թե ինչով է զբաղված եղել ՀԱԿ-ը, թույլ տվեք գնահատականներ չտալ. հասարակությունն ինքն է գնահատում, թե ինչի հասան եռամյա պայքարի  աղավաղման և փոշիացման արդյունքում»,–ասել է Ստեփան Սաֆարյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը