Լրահոս

17.10.2011 16:57


Զոհված զինծառայողների ծնողների և ՄԻՊ-ի համատեղ տեղեկանքները

Խաղաղ պայմաններում բանակում մահացած ութ զինվորների ծնողներ ՀՀ կառավարության շենքի դիմաց հանդիպել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և խնդրել հնարավոր աջակցություն: Պաշտպանը սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր ծնողների հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, մշտական հանձնաժողովի նախագահներ Հրայր Կարապետյանի և Արամ Սաֆարյանի,   «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ: Հանդիպման արդյունքում որոշվել էր պատգամավորներին ներկայացնել համատեղ տեղեկանքներ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմի օգնությամբ կազմվել են ութ տեղեկանքներ, որոնք ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքում ծնողների ներկայացրած խախտումները և թերացումները:

Ներկայացնենք նշված խախտումներից և թերացումներից միայն մի քանիսը:  Արայիկ Ավետիսյանի գլխի վրա բացի հրազենային վնասվածքներից առ­կա են եղել այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի էլ պար­զել դրանց պատճառները: Գե­ղամ Սերգոյանի մահվան գործով քննիչի կողմից փոր­ձագետին է ուղարկվել թվով 3 ռենտգեն լուսանկարներ, որոնց թե դատաբժշկական գի­տա­գործ­նական կենտրոնում և թե նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել: Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են մի շարք իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից ընդամենը մի քանի մետր հե­ռա­վո­րու­թյան վրա՝ տեսանելի վայրում, սակայն զորամասի սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպ­քից մեկ օր անց: Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետը իր բացատրությունում նշում է, որ ինքը սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել: Քննիչն իր որոշման մեջ արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաև ծեծի են ենթարկել, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Պարանի վրա, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, առկա են եղել արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննության՝ արյան կարգը և պատ­կա­նե­լիու­թյու­նը որոշելու համար: Սպանված Տիգրան Օհանջանյանի մարմնի նկարներից ակնհայտ երևում է աչքի, ծնոտի և գլխի հատվածներում առկա վնասվածքները, ինչպես նաև ձեռքի ափի կապտուկները, սակայն դատաբժշկի կողմից այդ ամենը չի արձանագրվել: Տեղեկանքների ամբողջական տեքստերին հնարավոր է ծանոթանալ www.pashtpan.am կայքում http://pashtpan.am/main/am/0/27/2528 հասցեով:

 

Արձանագրելով ծնողների կողմից ներկայացված խնդիրներն ու բողոքները՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանին, Արամ Սաֆարյանին, Հրայր Կարապետյանին և Լարիսա Ալավերդյանին այսօր ուղարկված տեղեկանքներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իրավական հետագա գործողությունների իր առաջարկները:

 

Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերկանգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը