Լրահոս

17.10.2011 13:28


ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով Միացյալ Նահանգների դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Հեֆերնը նշեց, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Այս խորագրի վերջին նյութերը