Տնտեսական

17.10.2011 13:08


«Գավառտրանս» ընկերությունը տուգանեց 10 միլիոն դրամով

«Գավառտրանս» ընկերությունը տուգանեց 10 միլիոն դրամով

Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը, լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն, փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով: Մարզերի բնակիչների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, Հանձնաժողովը ուսումնասիրել է նշված երթուղու գործունեությունը: Արդյունքում պարզվել է հետևյալը: «Գավառտրանս» ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղի՝  Երևան-Գավառ-Երևան (համար 303), Երևան-գ.Սարուխան-Երևան (hամար 313) և Գավառ-Երևան-Գավառ (համար 326): Ընդ որում,  ընկերությունը պարտավորվել է 313 և 326 համարի երթուղիները սպասարկել 1000, իսկ Երևան-Գավառ-Երևան ուղղությունը՝ 500 դրամով, որն էլ ըստ էության հանդիսանում է բոլոր 3 երթուղիներից հիմնականը: Սակայն, փաստացի «Գավառտրանսը» միտումնավոր կերպով չի կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում էլ Երևանից Գավառ մեկնողները ստիպված են եղել վճարել կրկնակի ավել գումար՝ 500-ի փոխարեն 1000 դրամ:

«Գավառ տրանս» ընկերությունը խոչընդոտել է այլ ուղևորափոխադրողների մուտքը շուկա

Հանձնաժողովի դիտարկմամբ, «Գավառտրանսը» ունի գերիշխող դիրք, քանի որ այն հանդիսանում է Գավառը և հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին:  Իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը նշված շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել:

Փաստորեն, «Գավառ տրանսը» չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և սպառողներին առաջարկել է ծառայությունների մատուցման այլ պայմաններ՝ ոտնահարելով նրանց իրավունքները:

 

Տուգանք՝ գերիշխող դիրքի չարաշահման համար. 5 օր ժամկետ՝ խախտումը վերացնելու համար ՏՄՊՊՀ դիտարկմամբ, տնտեսվարողի նման վարքագիծը գերիշխող դիրքի չարաշահում է, որի համար Հանձնաժողովի որոշմամբ ընկերության  հանդեպ կիրառվում է 10 միլիոն դրամ տուգանք: Հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությանը հանձնարարեց հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, «Երևան-Գավառ-Երևան երթուղու ուղևորներից գանձել 500 դրամ, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից՝ հնարավորություն տալով այլ տնտեսվարողների աշխատել բարեխիղճ և օրենքի դաշտում:

Հանձնաժողովի կողմից կատարված  ուսումնասիրության ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը:

ՏՄՊՊՀ Մամուլի քարտուղար՝ Գայանե Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը