Լրահոս

17.10.2011 12:22


«ՏաԹևեր» ճոպանուղին մեկ տարեկան է

Աշխարհում ամենաերկար, ուղևորատար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին մեկ տարեկան է, որի առթիվ ճոպանուղու «Հալիձոր» կայանի սպասասրահում հրավիրած մամուլի ասուլիսի միջոցով ճոպանուղու տնօրեն պրն Տ. Ղազարյանը ներկայացրեց ճոպանուղու մեկամյա աշխատանքը և իրականացրած ծրագրերը:

Ճոպանուղին հանրային գործարկումից` 2010թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս սպասարկել է մոտ 70 000 ուղևորի, որի ավելի քան 10%-ը հարակից գյուղերի բնակիչներ են, որոնք ճոպանուղուց օգտվել են անվճար: Անցած տարվա ընթացքում ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է եղել տոն և հանգստյան օրերին, որոնց ժամանակ ճոպանուղին սպասարկել է օրական 700- 800 ուղևորի:

Ճոպանուղու շահագործման ողջ ընթացքում իրականացվել է ամենօրյա մանրակրկիտ տեխնիկական սպասարկում անձնակազմի և ճոպանուղին կառուցած շվեյցարացի մասնագետների կողմից` ճոպանուղու շահագործումը և տեխնիկական պայմանները հաստատապես պահելով սարքին և բացարձակ անվտանգ: Ճոպանուղու անձնակազմը պարբերաբար մասնակցել է վերապատրաստման` դառնալով ավելի փորձառու թե տեխնիկական շահագործման, և թե ուղևորների սպասարկման ոլորտում:

Ընթացիկ տարվա ընթացքում «ՏաԹևեր»-ի «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցվել և շահագործման համար պատրաստ է սպասասրահ - սրճարանը, որը նախատեսված է ուղևորների և այցելուների հանգստի և սպասման հարմարավետ կազմակերպման համար:

Այս խորագրի վերջին նյութերը