Լրահոս

17.10.2011 00:03


Միջազգային երիտասարդական սեմինար Հայաստանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Երիտասարդական ակումբների դաշնությունը /Federation of Youth Clubs of Armenia – FYCA) Երիտասարդական էքսպրես ցանցի /Youth Express Network – Y-E-N/ հետ համագործակցությամբ և Եվրախորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականցնում են «Երիտասարդական նախաձեռնությունները` հակաճգնաժամային միջոց» միջազգային երիտասարդական սեմինարը:

Ծրագրի մասնակից ավելի քան երեսուն երիտասարդները Եվրախորհրդի անդամ-երկրների ներկայացուցիչներ են: Հոկտեմբերի 14-18-ը Ծաղկաձորում իրականացվող այս ծրագրին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ակտիվ երիտասարդներ Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Լեհաստանից, Լիտվայից և այլ երկրներից:

Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդ առաջնորդները  Հայաստանում գտնվելու օրերին ոչ միայն այցելելու են տեսարժան վայրեր և շփվելու տեղացիների հետ, քննարկելու իրենց միավորող հասարակ հարցեր և խնդիրներ, կարծիքներ փոխանակելու համաշխարհային գործընթացների մասին, այլև ներկայացնելու են իրենց հասարակական ոլորտի փորձը և եվրոպական ու ազգային իշխանություններին ուղղված բանաձևեր ու երաշխավորություններ են մշակելու` երիտասարդական նախաձեռնությունները նրանց կողմից խրախուսելու համար: Ծրագրի մասնակիցները հարցազրույցներ են անցկացրել տեղաբնակների հետ համաշխարհային ճգնաժամի և դրա հետևանքների մասին, քննարկել են երիտասարդների խնդիրները տարբեր երկրներում:

Այս խորագրի վերջին նյութերը