Լրահոս

14.10.2011 15:26


ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստում դիտարկվեց հարցերի լայն շրջանակ

2011 թ. հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին` Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի 1-ին տեղակալը, Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, ինչպես և ՆԳ նախարարների խորհրդի ներկայացուցիչը ԱՊՀ գործադիր կոմիտեում:

Նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը և խոսքը տվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահ, Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիևին, որը ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանութան գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Ռ. Նուրգալիևին կատարված աշխատանքի համար, բացեց ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի երևանյան նիստը:

Նիստի մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:

ՆԳ նախարարների խորհրդի նիստում դիտարկվեց հարցերի լայն շրջանակ: Օրակարգը բաղկացած էր ութ կետից.

1. ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի (ոստիկանության) նախարարությունների գերակա խնդիրների և հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքի մասին:

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի մասին:

3. ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից` քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հրազենի և զինամթերքի փոխանցման մեխանիզմի վերաբերյալ արձանագրության նախագծի մասին:

4. ԱՊՀ մասնակից-պետությունների քաղաքացիներին հրազենով պարգևատրելու հետ կապված հիմնախնդիրների մասին:

5. ՆԳՆԽ որոշումների գործողության դադարեցման մասին:

6. ԱՊՀ 20-ամյակին նվիրված ՆԳՆԽ միջոցառումների մասին:

7. ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի` Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու պայմանների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության և ԱՊՀ համաձայնագրի նախագծի մասին:

8. ՆԳՆԽ հերթական նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին:

Առաջին հարցի քննարկման ընթացքում խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության գերակա ուղղությունների շուրջ և իրազեկեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի, այդ թվում` ՆԳՆԽ կողմից 2011 թ. ընթացքում իրականացվող միջոցառումների, կատարման ընթացքի մասին:

Պատվիրակությունների ղեկավարները, մասնավորապես, իրազեկեցին կոռուպցիայի հակազդման ներպետական միջոցառումների ընթացքի մասին և ընդգծեցին այդ ուղղությամբ միջպետական համագործակցության զարգացման հրատապությունը:

Խորհուրդն անհրաժեշտ համարեց առաջարկներ նախապատրաստել` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործմանը:

Բացի այդ, խորհրդի անդամներն ընդգծեցին մարդկանց առևտրի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործող կարգի հետագա կատարելագործման անհրաժեշտությունը, որը սահմանված է մի շարք ճյուղա-թեմատիկ միջպետական համաձայնագրերով` ԱՊՀ ձևաչափով և ՆԳՆԽ որոշումներով, և նպատակահարմար համարեցին հանձնարարել ԿՀՊՀԲ-ին, ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների և ԱՊՀ այլ ճյուղային մարմինների հետ միասին, մշակել մեթոդական հանձնարարականներ` այդ ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմի վերաբերյալ:

Այս հարցի քննարկման արդյունքները և ելույթներում հնչած առաջարկները տեղ գտան ՆԳՆԽ նիստի արձանագրության մեջ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի որոշումներով հավանություն տրվեց.

- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի,

- ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից` քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հրազենի և զինամթերքի փոխանցման մեխանիզմի վերաբերյալ արձանագրության,

- ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի` Ռուսաստանի դաշնության տարածքում գտնվելու պայմանների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության և ԱՊՀ համաձայնագրի նախագծերին:

Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Որոշվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը անցկացնել 2012 թվականին, Ադրբեջանի Հանրապետությունում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը