Քաղաքական

20.06.2023 17:19


Հուսով եմ՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը. Լավրով

Հուսով եմ՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը. Լավրով

Մոսկվան հուսով է, որ Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք, նրանում, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու, այլ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու և որպես որոշիչ դեր ունեցող ուժ հաստատվելու ցանկություն»,-ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովի կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը «ընդլայնվելու դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:

«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ կատարվողը»,-ասել է Լավրովը։

«Մենք դեմ չենք, որ միջազգային այլ խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում»,-վստահեցրել է նա։

Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նախազգուշացրել է. «Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի պայմանավորվածությունների ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»:

Նա նշել է, որ «պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է միայն այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում, որոնք ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը»։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը դրվել է 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ, երբ ստորագրվել է վերջնական կարգավորման սկզբունքների մասին առաջին եռակողմ հայտարարությունը։

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այնուհետև ընդունվել են բարձր մակարդակի ևս մի քանի եռակողմ հայտարարություններ, որոնք նվիրված են իրավիճակի լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ ջանքերի տարբեր ասպեկտներին։

«Դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,-մանրամասնել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը