Լրահոս

14.10.2011 12:15


Պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը

Մենք` բանակում դեռևս չծառայած երիտասարդներս, միավորվելով «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խմբում, խիստ մտահոգված ենք բանակում գրեթե ամեն օր տեղի ունեցող զինվորների մահվան դեպքերով, որոնք ավանդականորեն ներկայացվում են իբրև ինքնասպանություն:

Դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունը չի կարողանում տիրապետել զորամասերում տիրող վիճակին: Դրանից բացի, զինվորների հարազատները չունեն բանակի վերահսկողության որևէ հնարավորություն, ինչպես դա ընդունված է այլ երկրներում, օրինակ` Վրաստանում:

Բանակի իրավիճակը պաշտոնապես վերահսկող կազմակերպությունները հանցավոր գեներալիտետի կամակատարն են և անգամ ձեռք են տալիս նրանց` մեր եղբայրների արյան հաշվին հարստանալու իմաստով:

Եվ այդ ամենը տեղի է ունենում պաշտպանույան նախարարի գիտությամբ և անմիջական հովանավորությամբ: Ելնելով դրանից, մենք պահանջում ենք Սեյրան Օհանյանի անհապաղ հրաժարականը:

Դրանից բացի, մենք կոչ ենք անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միանալ մեզ այդ պահանջում և հրապարակավ հայտնել իրենց կարծիքը:

Հատկապես ակնկալում ենք «Չենք լռում» և «Հիմա» նախաձեռնությունների, ինչպես նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» երիտասարդական թևերի միասնությունը և սպասում նրանցից յուրաքանչյուրի պատասխանին:

Ամեն օր զինվոր են սպանում, ամեն օր քեզ ու ինձ են սպանում: Միացիր ու ասա, որ ապրելու ենք...

«Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խումբ

Այս խորագրի վերջին նյութերը