Լրահոս

13.10.2011 16:55


Շիրակի մազրում գործող սողանքները կարող են խլել մարդկային կյանքեր և սպառնալ ՀՀ ռազմավարական շահերին

Շիրակի մազրում գործող սողանքները կարող են խլել մարդկային կյանքեր և սպառնալ ՀՀ ռազմավարական շահերին

Շիրակի մազրում սողանքային երկու գոտիների առկայությունը վերջին շրջանում սկսել է անհանգստացնել մասնագետներին: Առաջինը Առափի համայնքում է, որը գործում է բնակելի տների անմիջական հարևանությամբ։ Ակտիվ գործելու դեպքում այն սպառնում է ամբողջ գյուղի վերացմանը: Այս առումով, պարբերաբար գրանցվող փլուզումներն արձանագրելուց բացի, պատկան մարմինները որևէ էական աշխատանք չեն անում:

Մյուսը Ջաջուռի սողանքային գոտին է, որը ակտիվանալու դեպքում կարող է սպառանալ Հայաստանի ռազմավարական շահերին, քանի որ այն գործում է այն լեռնանցքի հարևանությամբ, որով անցնում է Հայաստանը արտերկրին կապող միակ երկաթգիծը: Մասնագետների հավաստմամբ՝ սողանքը փլուզվելու դեպքում կարող է փակել Ջաջուռի թունելը, որը կաթվածահար կանի երկաթգծի աշխատանքը: Տարօրինակն այն է, որ չնայած այս վտանգի առկայությանը՝ Կապի և տրանսպորտի նախարարության պատվերով ու թույլտվությամբ փորման աշխատանքներ են տարվում մթնոլորտային ջրերի հեռացման համակարգեր կառուցելու համար: Նպատակն այն է, որ այդ ջրերը Ջաջուռի թունել չլցվեն:

Սակայն Երկրաֆիզիկայի և ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոլան Գասպարյանի կարծիքով՝ չնայած որ ջրահեռացումը անհրաժեշտ է, սակայն տեղում աշխատում են մարդիկ, ովքեր սողանքի մասնագետներ չեն, և այս տարածքում շուրջ 20 տարի ուսումնասիրություններ չեն իրականցվել:

–Նման անզգույշ մոտեցման պատճառով 80–ական թվականներին տեղի ունեցավ առաջին սողանքային փլուզումը: Այն ժամանակ բոլորը մտածում էին, որ թունելին չվնասի: Հիմա գրեթե ոչինչ չի փոխվել, համենայնդեպս ուսումնասիրության կարիք կա: Սողանքի ակտիվանալու դեպքում գրունտային մասան կարող է սեղմել և փակել թունելը։ Կամ գնացք լինելու դեպքում պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու: Ամեն դեպքում կատաստրոֆա է,–ասել է երկրաբան Ռոլան Գասպարյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը