Լրահոս

13.10.2011 15:10


Լույս տեսավ Բյուրականի աստղադիտարանին նվիրված գրքույկը

Օրերս «Էդիթ-Փրինթ» հրատարակության կողմից լույս տեսավ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանին նվիրված գրքույկ, որը նախատեսված է աստղագիտությամբ և աստղադիտարանով հետաքրքրվողների, դպրոցականների և ուսանողների, աստղադիտարանի այցելուների և այլոց համար: Գրքույկը բաղկացած է 64 էջից, կազմված է այցեքարտի սկզբունքով և ներկայացնում է Բյուրականի աստղադիտարանի մասին ամփոփ և լիարժեք տեղեկություններ: Նրանում տեղ են գտել Բյուրականի աստղադիտարանի համառոտ պատմությունը, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը, աստղադիտարանում նախկինում աշխատած վաստակաշատ 11 այլ գիտնականների (Բ.Ե. Մարգարյան, Գ.Ա. Գուրզադյան, Լ.Վ. Միրզոյան, Մ.Ա. Առաքելյան և այլոք) համառոտ կենսագրությունները, տեղեկություններ աստղադիտարանի դիտակների (2.6մ, 1մ Շմիդտ և այլն) և այլ գիտական սարքավորման, գիտական գրադարանի և թիթեղադարանի, Բյուրականյան շրջահայությունների (այդ թվում ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում ընդգրկված Մարգարյանի հանրահայտ շրջահայության), Բյուրականում անցկացված գիտական միջոցառումների, միջազգային գիտական համագործակցության մասին, բերված են աստղադիտարանի ողջ գիտական կազմի, ինչպես նաև արտասահման տեղափոխված նախկին աշխատակիցների տվյալները: Վերջում տրված է հայ աստղագետների կողմից և նրանց մասին հրատարակված կարևորագույն գրքերի ցուցակը: Լինելով կարևորագույն գիտական, կրթական և մշակութային օջախ, Բյուրականի աստղադիտարանը ներկայացված է նաև որպես այցելությունների կենտրոն: Հետաքրքրական է, որ վերջին անգամ Բյուրականի աստղադիտարանի մասին հայերեն լեզվով գրքույկ էր հրատարակվել ավելի քան 30 տարի առաջ՝ 1978 թվականին:

Այս խորագրի վերջին նյութերը