Հարցազրույց

13.10.2011 14:11


Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանց

Հարցազրույց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ

–Ձեր վերջին հոդվածում գրել էիք, որ թե՛ իշխանությունները, թե՛ Հայ ազգային կոնգրեսն իրականում խաղում են, այն էլ 10 տարեկան երեխայի տրամաբանությամբ: Բայց արդյոք ի սկզբանե (այսինքն՝ այն ժամանակ, երբ Դուք ՀԱԿ–ում էիք), պարզ չէ՞ր, որ նրանք խաղ են խաղում։

–Ես գրում եմ այն, ինչ այդ պահին մտածում եմ։ Եթե ավելի վաղուց մտածեի այդպես, կգրեի ավելի վաղուց։ Անկեղծորեն եմ ասում՝ հանրապետության երեք նախագահներին անձնապես ճանաչելով հադերձ՝ վերլուծությունս արել եմ այսօրվա իրավիճակի համար։ Երբ ես հարթակում եմ եղել և հանրահավաք եմ արել, երբ ես ազատազրկված եմ եղել, հավատացած եմ եղել մեծ գաղափարին, մեծ սկզբունքին և հաստատ խաղ չեմ խաղացել։ Հիմա ես մտածում եմ, որ մի որոշակի շղթա է ձևավորվել, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ՀԱԿ–ը ոչ ադեկվատ են իրենց պահում։

–Հիմա շատերն են հիասթափվել ՀԱԿ–ի որդեգրած մարտավարությունից և անգամ ռազմավարությունից։ Ի՞նչ եք կարծում՝ մինչև խորհրդարանական ընտրություններ ՀԱԿ–ը կփլվի՞։

–Անկախ ամեն ինչից՝ ես Լևոն Տեր–Պետրոսյանին համարում եմ ամենամեծ դերակատարումն ունեցող քաղաքական գործիչը, և չեմ ուզում, որ նրա գլխավորած դաշինքում լինեն խնդիրներ։ Մինչև խորհրդարանական ընտրություններ ՀԱԿ–ն իհարկե կմնա, որովհետև նախ ՀԱԿ–ի անդամ կուսակցությունները գնալու տեղ չունեն, երկրորդ՝ ՀԱԿ–ի անդամ կուսակցությունները միավորվել են մի խնդրի շուրջ, և չեմ կարծում, որ մինչև խորհրդարանական ընտրություններ այդ խնդիրը վերանա։ Եվ երրորդ կարևոր հանգամանքը՝ ես շատ կուզեի, որ ՀԱԿ–ը հաջողի, որովհետև ՀԱԿ–ի հաջողումը կնշանակի, որ երկրում կարող են լինել փոփոխություններ։

–Բայց Ձեր մատնանշած նույն Լևոն Տեր–Պետրոսյանը, ում Դուք գնահատում եք, հրապարակից դիմեց իր նախկին ընկեր Սերժ Սարգսյանին զուգարանները բացելու խնդրանքով։ Դա քաղաքական գործի նորմա՞լ արարք եք համարում։

–Պատմությունը չի սրբագրվում։ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եղել են ընկերներ։ Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը որոշել է զուգարանների հարցով դիմել Սերժ Սարգսյանին, ես ցավում եմ։ Ցավում եմ, որ ընդհանրապես զուգարանի խնդիրը կարող է դառնալ քաղաքական հարց։ Եթե ես իմ ընկերոջը դիմելու խնդիր ունենամ (օրինակ՝ Արմեն Աշոտյանին, ով իմ ընկերն է), ես եմ որոշում՝ որ թեմայով դիմեմ։ Ես եթե հրապարակավ դիմեմ, ապա կդիմեմ շատ ավելի գլոբալ հարցով։ Երբեք չեմ դիմի զուգարանի խնդրով։ Հիմա ամբողջ քաղաքական համակարգի խորհրդանիշը դարձել է բաց զուգարանը, և դա շատ վատ է։ Զուգարանի հարցն արհեստական խնդիր է, և այս առումով մեր քաղաքական համակարգն ապացուցեց, որ հարևան մի շարք երկրներից մենք հետ ենք. օրինակ՝ Վրաստանում վարդերն էին քաղաքական գործընթացի խորհդանիշը, իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, դարձավ զուգարանը։ Իշխանությունը կարծեց, որ զուգարան փակելով հեղափոխությունն է կանխում։ Ընդդիմությունը կարծեց՝ զուգարան նվաճելով հեղափոխություն է անելու։ Նման մոտեցումը չարաչար սխալ է և ոչ ադեկվատ։

–Ինչպե՞ս եք վերաբերվում այն քաղաքական գործիչներին, ովքեր տարիներ շարունակ մեկ բան են պնդում, բայց այդպես էլ դա իրականություն չի դառնում։ Օրինակ՝ շարունակ հայտարարում են, որ շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, բայց չի լինում։

–Դե դա իր անելով չէ։ Ինքը պետք է հասներ դրան, ցավոք, չի հասել, երկրի գործող նախագահն արտահերթ ընտրություն չի նշանակում։ Իսկ ես ասում եմ, որ արտահերթ ընտրությունների թեման ընդհանրապես պետք է օրակարգից դուրս գա, որովհետև հասարակությանը լրացուցիչ հիասթափեցնող պատճառ ենք տալիս։

–Բայց այդպիսի քաղաքական գործիչներն իրավունք ունե՞ն ասպարեզում մնալ։

–Ինչո՞ւ ոչ։ Չերչիլը երկու կուսակցություն է փոխել, բայց մնաց ասպարեզում, հետո հաջողեց։ Լևոն Տեր–Պետրոսյանը երկրի առաջին նախագահն է, նա իրավունք ունի քաղաքական ասպարեզում մնալ։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Խոստում է տվել, չի կարողացել իրականացնել։ Եթե այդպես նայենք, որևէ նախագահ կամ վարչապետ չպետք է պաշտոնավարի, որովհետև որևէ մեկի խոստումը լիարժեքորեն չի իրականացել։

–Կարծում եք, որ ՀԱԿ–ը միակ այլընտրա՞նքն է այսօրվա իշխանություններին։

–Իմ ամենալավ ընկերներից է Արամ Սարգսյանը, ով բացարձակապես անկեղծ է և մաքուր, անկեղծ ձգտումներ ունի, և ես բազմաթիվ ընկերներ ունեմ ՀԱԿ–ում, ովքեր անկեղծորեն ձգտում են դառնալ այլընտրանք։ Ես այլընտրանք իշխանությանն ա՛յս պահին չեմ տեսնում։ Բայց ես հավատում եմ մարդկանց անկեղծությանը, մարդկանց ձգտումներին։ Ես «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու պահին ասել եմ, որ որտեղ լինի Արամ Սարգսյանը, այնտեղ է իմ քաղաքական ընտրությունը։ Հիմա կրկնում եմ նույնը։ ՀԱԿ–ի քայլերը մերժելով հանդերձ՝ ես ասում եմ՝ հավատացել եմ, հավատում եմ և կհավատամ Վազգեն Սարգսյանին, Արամ Սարգսյանին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը