Լրահոս

06.06.2023 08:23


Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ հայ երգահան, հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձն է: Արամ Խաչատրյանը մեծաթիվ սիմֆոնիաների, նվագախմբային գործերի հեղինակ է, որոնք մինչ այսօր կատարվում են ոչ միայն հայկական, այլև օտարազգի ու համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի կողմից:

1956թ. «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո նրա անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում: Արամ Խաչատրյանի տաղանդը դրսևորվում է նաև նրանով, որ «Սպարտակ»–ի կողքին կարող է գրել այնքան հայկական, ազգային մտածելակերպին բնորոշ «Գայանե» բալետը` օտարեկրացիներին լավագույնս մատուցելով հայկական մշակույթը:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ., Թիֆլիսի մոտակայքում գտնվող Քոջորիում: Դեռևս մանուկ հասակում ինքնուրույն սկսել է փողային գործիքներ նվագել։ Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ եկել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան):

1925թ. Արամը սկսում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929թ. ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա։ Փայլուն գնահատականներով ավարտելով կոնսերվատորիան` ներկայացնում է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Իսկ դրանից հետո սկսվում է նրա ստեղծագործական բուռն գործունեության շրջանը: 1936-1947թթ. ամենաարգասավորն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի կոնցերտ»-ը։ 1946թ. է ստեղծվել «Երկրորդ սիմֆոնիան», 1943թ.՝ «Կոնցերտ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար», 1946թ. «Երրորդ սիմֆոնիան» և 1947թ.՝ «Պոետիկ սիմֆոնիան»։

1940-ականներին նա շրջում է ամբողջ Խորհրդային Միությունում՝ Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950թ. մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Հետագա տարիներին շրջագայում է 42 երկում, լինում բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում հանդիպում է մշակույթի բազմաթիվ հանրահայտ գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։

50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունեությունը Գնեսինների ուսումնարանում և Մոսկվայի կոնսերվատորիայում։

Արամ Խաչատրյանը մահացել է 1978թ. մայիսի 1-ին և թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ հայ այլ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը