Լրահոս

13.10.2011 00:06


Մախաչկալայում ահաբեկչության ժամանակ զոհված հայազգի երիտասարդի դին դեռևս հարազատներին չեն հանձնել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել էր հայազգի մի երիտասարդ՝ 24 ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը (http://shirakcentre.org/hy/news/1157-shirak-centre-ngo ):

Նա այդ օրը սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու, 3 ուղևոր նստել էին մեքենան, որոնցից մեկի մոտ էլ եղել էր պայթուցիկ սարքը, որը հենց մեքենայում էլ պայթեցվել էր: Դեպքից 3 օր անց զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով, ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու համար, նրանց դիերը Մախաչկալայից տեղափոխվել է Ռոստով:

Թեև դեպքից անցել է արդեն 22 օր, սակայն զոհվածի դին դեռևս չի տրվել Ռոստովում սպասող հարազատներին: Ինչպես արդեն նշել էինք մեր նախկին հաղորդագրությունում զոհված երիտասարդի ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում և ակնկալվում էր աջակցություն դին Հայաստան տեղափոխելու համար:

Այսօր մենք այցելեցինք նրանց` Գյումրու Պուշկինի 44 հասցեում գտնվող բնակարանը և զրուցեցինք Կարենի հոր և հարազատների հետ: Ռոստովում հետազոտությունն արդեն իսկ ավարտված է, սակայն դեռևս սպասում են Մախաչկալայում աշխատող համապատասխան հանձնաժողովի եզրկացությանն ու թույլտվությանը, որպեսզի դին հանձնեն հարազատներին:

Մայրը` Ծովինար Ասատրյանը որդու զոհվելու մասին լուրն իմանալուց հետո մինչև օրս անկողնային հոգեկան և առողջական ծանր վիճակում է: Նրանց ընտանիքին ոչ միայն որևէ շոշափելի աջակցություն չի ցուցաբերվել, այլ նաև հարևանների խոսքերով. «Ոչ մարզային և տեղական իշխանություններից, ոչ Ազգային ժողովի պատգամավորներից որևէ մեկը նրանց դուռն անգամ չի բացել»:

Ավելացնենք, որ դեպքից մի քանի օր անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը հայտարարել էր. «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը եւ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել  զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու համար»: Սակայն, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նրանց կողմից ևս ոչ մի շոշափելի աջակցություն չի ցուցաբերվել: Զոհվածի հարազատներին հայտնի չէ նաև, թե արդյո՞ք ՌԴ իշխանությունների կողմից որևէ փոխհատուցում տրվելու է իրենց ընտանիքին:

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում http://www.youtube.com/watch?v=Mfy-fSNinOA:

Այս խորագրի վերջին նյութերը