Հարցազրույց

11.10.2011 15:17


Լյուդվիգ Խաչատրյան.

Լյուդվիգ Խաչատրյան.

Հարցազրույց ԱԺՄ կուսակցության նախկին անդամ Լյուդվիգ Խաչատրյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք մեր  ներքաղաքական կյանքը, հատկապես հաշվի  առնելով ՀԱԿ վերջին շուրջօրյա հանրահավաքները։ Արդյոք ի՞նչ ազդեցություն ունեցան դրանք ներքաղաքական կյանքի վրա։

–Նախ քաղաքական կյանք պետք է լինի, որ ինչ–որ բան փոխվի։ Մեծ հաշվով Հայաստանում քաղաքական կյանք չկա։ Հայաստանում ինչ–որ անհասկանալի մարդկանց անհասկանալի երևույթներ, խոսքեր ու  գործողություններ են։ Իմ պատկերացմամբ՝ քաղաքական կյանքը մի քիչ այլ բաղադրիչներից է բաղկացած՝ բացի մարդկանց վազվզելուց, գոռգոռալուց, միտինգներ  անելուց։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ–ի վերջին հանրահավաքին, ապա շատ տխուր և միաժամանակ ծիծաղելի բան էր, որովհետև քաղաքական կյանքի  պայքարը վերջիվերջո իր բարձրակետին հասավ, երբ որ  արտաքնոցային սուր գաղափարական պայքարի վերածվեց ամեն ինչ։ Այդ ամբողջ քաղաքական կյանքի որակն այդ բառով է երևում, որը միտինգի ժամանակ գտնվեց, ու շատ  լուրջ քննարկման թեմա էր, չէ՞, դարձել դա միտինգին։ Այ, այդ որակի քաղաքական կյանք է։ Այդ բառը նորից չեմ ուզում ասել, բայց ոնց որ գնահատականը այդ բառով գտնվեց։

–Ասում են՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է։ Մեր  իշխանությունների որակի մասին ի՞նչ կասեք։

–Մեր  իշխանությունների մասին, եթե փորձեմ լավ բաներ ասեմ, կարող է հետո հարևաններս ինձնից նեղանան, որովհետև ես ինչ էլ  ասեմ, մեկ է, իրենք էլ են այստեղ ապրում, և իմ ասելով չէ։ Մեր  իշխանությունների մասին այս 20 տարի է՝ բոլորս համարյա նույն բաներն ենք ասում, մի փոքր  տարբերություններով կրկնում ենք, և նոր  բան դժվարանում եմ ասեմ. արդեն շնորհներս չեն հերիքում։ Ամեն ինչ ավսած է, էլ ի՞նչ ասեմ։

–Հաշվի առնելով այս իրավիճակը՝  կարելի  է ասել, որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ իշխանությունը վերարտադրվելու  շանս չունեն, որովհետև ժողովուրդը չի ընդունում երկուսին էլ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է մեզ սպասվում։

–Դժվարանում եմ ասել, բայց Ձեր ասելով դուրս է գալիս, որ  ժողովուրդը պետք է գնա մի տեղ ապրի, ընդդիմությունն ու իշխանությունն էլ  գնան իրար հետ ուրիշ տեղ ապրեն, որովհետև իսկապես որևէ կապ չկա միմյանց հետ։

–Իսկ ի՞նչ զարգացումներ են սպասվում։

–Դե, ապագայի նկատմամբ միշտ էլ  լավատես եմ եղել։ Սա այն ժողովուրդը չէ, որ ինչ–որ սենց ժամանակավոր բաները չկարողանան անցկացնել։ Ուղղակի  ցավալի է, որ այս դժվարություններից ելնելով՝ մարդիկ թողնում են, գնում են այստեղից, լիքը ափսոսալու բան կա։ Բայց վերջին հաշվով սա այն ժողովուրդն է, որի գլխով սենց բաներ մի քիչ շատ են անցել, ու սա էլ  կանցնի։ Ուղղակի  պետք է այն մադրիկ, ովքեր մնացել են, մի քիչ մտահոգ են, ովքեր լավ հայրենիքի պատկերն ունեն աչքերին, մի քիչ  թևերը քշտեն, առաջ գան, որ մի կերպ անցկացնենք այս ժամանակները։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը