Լրահոս

10.10.2011 17:02


Լոկալ արժեթղթերի շուկաների զարգացմանը նվիրված առաջին միջազգային համաժողովը Հայաստանում

2011թ. հոկտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ միջազգային համաժողով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ և կարգավորում» թեմայով:

Համաժողովի բացման խոսքում պրն Կոնստանտին Սարոյանը՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի խորհուրդի կողմից նշանակված նոր տնօրենը, վստահություն հայտնեց, որ այս Համաժողովի ընթացքում կձևավորվեն գործնականում կիրառելի մոտեցումներ և Համաժողովը կունենա իր տրամաբանական շարունակությունը:

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԿԲ-ի Փոխնախագահ, պրն Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսլականը և հեռանկարները: ՀՀ Ֆինանսների Առաջին փոխնախարար պրն Վարդան Արամյանը ներկայացրեց ՀՀ մակրոտնտեսական զարգացման միտումները և այդ բնագավառի վերջին հետազոտությունների արդյունքները: ԱՄՆ ՄԶԳ-ի PALM և PFS ծրագրերի ներկայացուցիչները խոսեցին ինստիտուցիոնալ ներդրողների և ներդրումային ֆոնդերի զարգացման մասին, ինչպես նաև ներկայացրեցրին ԱՄՆ ՄԶԳ-ի այդ ոլորտում համապատասխան ծրագրերի արդյունքները:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին բորսաների և դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման և միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական և կարգավորման հարցերը: Այդ կապակցությամբ իրենց երկրի և կառույցները փորձի մասին ելույթ ունեցան Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Կորեյայի, Հնդկաստանի դեպոզիտարիաների, Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի ֆոնդային բորսաների, ինչպես նաև NASDAQ OMX Inc., SWIFT և Clearstream Banking ընկերությունների ներկայացուցիչները:

Համաժողովը ուշագրավ էր նրանով, որ այն ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի, առաջին աննախադեպ միացյալ միջազգային համաժողովն էր:

Համաժողովին մասնակցեցին 14 ԱՊՀ և Եվրասիայի երկրների 77 ընկերությունների 116 ներկայացուցիչներ:

Համաժողովի ոսկե հովանավոր էր հանդիսացել Ամերիաբանկ-ը, այլ հովանավորներն էին Արմսվիսբանկ-ը, Կոնվերս Բանկ-ը, Մոսկվային Միջբանկային Արժութային Բորսան, Արմենիան Քարտը և ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» ծրագիրը: Համաժողովի տեղեկատվական և մեդիա հովանավորներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը, ՊանարմենիանՄեդիա գործակալությունը և Ռեվյու բիզնես հրատարակությունը:

Այս խորագրի վերջին նյութերը