Հարցազրույց

15.05.2023 23:06


Փաշինյանը սարսափած է այն հեռանկարից, որն իրեն սպասվում է. գիտի՝ իրեն Սահակաշվիլու պես կդատեն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաշինյանը սարսափած է այն հեռանկարից, որն իրեն սպասվում է. գիտի՝ իրեն Սահակաշվիլու պես կդատեն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

88-ի Ղարաբաղյան շարժումը մեզ տվեց անկախ Հայաստան և ազատագրված Արցախ՝ դե ֆակտո պետականությամբ։ Մեր ժողովուրդն ակնկալում էր, որ պետք է ստանա նաև արդար ու ժամանակակից երկիր, որը սակայն չստացավ։

Հետանկախական շրջանի կուտակված դժգոհությունը շահարկվեց «թավշյա» տղաների ու աղջիկների կողմից, ինչի արդյունքները հիմա տեսնում ենք։ Մեզ, հետևաբար, պետք է նոր՝ Հայաստանյան շարժում, որը տեր կկանգնի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումներին և կկարողանա ապահովել արդար, ժամանակակից երկիր։

Փաշինյանը սեփական կաշվի փրկության հարցն է դնում։ Մենք պետք է դնենք Հայաստանի ու Արցախի անվտանգության, ապահովության հարցը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

***

Չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Փաշինյանին և Ալիևին հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ փաստացի մտնում է Լեռնային Ղարաբաղը, հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ։ Ըստ Միշելի՝ կողմերի դիրքոշումները շատ մոտ են հատկապես դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման շուրջ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից արված հայտարարությունը համարեց Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելու որոշման հետևանք։

Ըստ Թևանյանի՝ հիմա ընթանում է ընդամենն Արցախը հանձնելու փաթեթավորման գործընթացը, քանզի որոշումը կայացվել է ավելի վաղ՝ Պրահայում։

«Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ ԼՂ հայերի համար որևէ միջազգային մեխանիզմ չկա։ Ադրբեջանի կազմում հայերին որևէ լավ բան չի սպասում, և այդ ուղղությամբ սա Միշելի միջնորդությամբ Փաշինյանի արդեն 5-րդ հանդիպումն է։ Իմ գնահատմամբ՝ Արցախը հանձնելուց հետո հիմա Նիկոլ Փաշինյանը լուծում է իր անձնական երաշխիքի հարցը, քանի որ հիմա ոչ թե Արցախի, այլ հենց Հայաստանի լինելու հարցն է դրված»,-ասաց Թևանյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 86.600 քառակուսի կիլոմետրով՝ նշանակում է նախկին ԼՂԻՄ-ը ևս ներառել Ադրբեջանի կազմի մեջ։

Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը հանուն սեփական անվտանգային երաշխիքի գնում է Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակա երկիր դարձնելու ճանապարհով հենց Արևմուտքի հովանավորությամբ, քանզի Հարավային Կովկասում Արևմուտքի մոդերատորը Թուրքիան է, ինչի համար էլ Փաշինյանը սպասարկում է թուրքական շահը և, օրինակ, առաջարկում մոռանալ Արարատ սարի մասին։

«Այս պարագայում ես առաջարկում եմ հումանիտար միջանցք բացել նրա համար, որովհետև մենք գործ ունենք պետականության կորստի հետ։ Փաշինյանը գիտի՝ ինչ է արել և ինչ է դեռ անելու։ Վախենում է, որ կընկնի Սահակաշվիլու օրը՝ կդատվի, գիտի՝ իրեն դա է սպասվում, և որպեսզի Հայաստանի անունից իր համար դատավճիռ չկարդան, պատրաստ է կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Փաշինյանը ոչ թե վախեցած, այլ սարսափած է այն հեռանկարից, որ կարող է հայտնվել գնդակահարության պատի տակ, սարսափած է իրենց սպասվող ապագայից, ուստի պետք է մտածել՝ ինչպես անել, որ նրան հումանիտար այդ նեղ կածանը տրվի, որ նա գնա՝ առանց երկիրը ցնցումների տանելու»,-ասաց Թևանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը