Լրահոս

10.10.2011 16:25


Շառլ Ազնավուրն իր հայտարարությունից հետո պետք է հրաժարվե՞ր դեսպանի պաշտոնից

Շառլ Ազնավուրն իր հայտարարությունից հետո պետք է հրաժարվե՞ր դեսպանի պաշտոնից

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայի դեսպան Շառլ Ազնավուրը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «ցեղասպանությունը» խանգարող բառ է։

–Այն նաև ինձ է խանգարում. այն, ինչ հիմա կասեմ, կարող է ինձ մեջքով դարձնել որոշ հայերի, բայց ես կարծում եմ՝ դա կարևոր չէ: Եթե իսկապես թուրքերն ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, և թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին։ Հայաստանը մեծ վտանգի մեջ է, և բոլորը հապաղում են «ցեղասպանություն» բառի համար: Ես չեմ տեսնում՝ ինչպես է դա նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Մարդիկ, ովքեր քննադատում են ինձ նման կարծիք հայտնելու համար, ո՞ւր են: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ նրանք ինձ դա՞ս պիտի տան: Այդ ե՛ս եմ առաջինը նրանց դաս տվել: Ես այս մասին խոսել եմ ԱՄՆ-ից մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում առնվազն 300 իրավաբան է աշխատում: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա ինձ ճիշտ համարեց: Ես քաղաքական գործիչ չեմ: Ես դրանից ոչինչ չեմ հասկանում: Ես միայն մի բան գիտեմ՝ մենք մի կտոր փոքր ու դժբախտ երկիր ունենք, որն արդեն երկրորդ անգամ գրեթե մեռնում է: Եվ մենք այլ բանի մասին ենք խոսում,–ասել էր նա։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական մեկնաբան, հրապարակախոս, Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանն անդրադառնալով այս խոսքերին՝ ասել է, որ նման հայտարարություն անելուց առաջ կամ հետո Շառլ Ազնավուրը պետք է հրաժարվեր իր՝ դեսպանի պաշտոնից։

Այն ժամանակ, երբ Շառլ Ազնավուրը նշանակվեց դեսպան, ես մի հոդված գրեցի՝ «Հայկական դիվանագիտության հերթական պիրուետը», որտեղ ներկայացրել եմ այդ քայլի աննպատակահարմար լինելը։ Ես ասացի, որ դիվանագիտական այս խաղն անպայմանորեն ենթարկվելու է ձախողման։ Ահա և եկավ այդ օրը։ Իրավունք ունի՞ դեսպանը նման հայտարարություն անելու, իհա՛րկե չունի, որովհետև դա լոյալության սկզբունքի կոպիտ խախտում է։ Անկախ նրանից՝ դեսպանն ինչ անձնական կարծիք ունի, ինչ պատմական անցյալ է ունեցել իր ընտանիքը, լինելով պետության ներկայացուցիչ՝ պետք է ասի միայն այն, ինչ սկզբունքորեն ընդունված է արտաքին քաղաքականության շրջանակներում։ Եթե դիվանագետն այդպես է մտածում, այստեղ երեք լուծում կա՝ կա՛մ դրանից առաջ, կա՛մ հետո գրավոր գրի, որ հրաժարվում է դեսպանությունից, կա՛մ նրան պետք է շնորհազրկեն, սա է դիվանագիտական օրենքը։ Բայց հաշվի առնենք, որ սխալը սկզբից է եկել՝ նրան նշանակողներից։ Մեր արտաքին քաղաքականությունը կադրային քաղաքականության սխալ սկզբունքներից է ելնում,–ասել է նա։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշել է, թե ֆորմալ տեսակետից համամիտ է Նավասարդյանի հետ։

Մեր քաղաքականության մեջ թամաշայի էլեմենտը շատ մեծ է։ Այսինքն, միջազգային կենտրոններ սարքելը՝ Գյումրիում ծով սարքելը, Դիլիջանը ֆինանսական կենտրոն սարքելը բավական տարածված թեմաներ են, և այդ շարքի մեջ է Շառլին դեսպան նշանակելը։ Շառլը մեծ հայ մարդ է, մեր հայ ոչ ֆորմալ դեսպանը Ֆրանսիայում։ Իմ կարծիքով սխալ քայլ էր նրան դեսպան նշանակելը։ Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, ապա, որպես մեծ հայ, որպես Շառլ Ազնավուր, նա իր մտահոգությունները ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ, ինչը ես հասկանում եմ, որովհետև իսկապես ծիծաղելի է Հայկական աշխարհի մասին խոսել, երբ Հայաստանը դատարկվում է, և տպավորություն կա, որ այդ գործընթացը չի մտահոգում իշխանություններին, և ես ուրախ եմ, որ Սփյուռքում դա նկատվում է։ Արամ Առաջինն էլ հնչեցրեց այդ միտքը։ Ես ուրախ եմ, որ Սփյուռքում հասկանում են, որ, բացի Ցեղասպանության խնդրից, որը շատ կարևոր խնդիր է, Հայաստանը պետք է նաև զարգանա ու նորմալ ապրող երկիր դառնա։ Եթե Հայաստանը չդառնա նորմալ ժամանակակից պետություն, չի կարող լուծել ո՛չ հայ–թուրքական սահմանի բացման հարցը, ո՛չ Ցեղասպանության խնդիրը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը