Լրահոս

07.10.2011 21:32


Միջադեպ Հայաստան–Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումից առաջ

Միջադեպ Հայաստան–Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումից առաջ

Հենց նոր «7օր»–ը ֆուտբոլասերներից ահազանգ ստացավ, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել այս պահին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Euro-2012 առաջնության խմբային նախընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումից առաջ։

Սեպտեմեբի առաջին կեսին այդ ֆուտբոլասերներն ընկերներով միանգամից 15 տոմս են գնել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից։ Սակայն, երբ այսօր այցելել են մարզադաշտ՝ երկրպագելու Հայաստանի հավաքականին, տհաճ միջադեպի առջև են կանգնել։ Ոստիկանները հայտարարել են, որ նրանց գնած այդ տոմսերից երկուսը կեղծ են։ Ֆուտբոլասերների զարմանքին ի պատասխան, թե ինչպե՞ս հնարավոր է տոմսարկղից գնած տոմսերը կեղծ լինեն, այն էլ այն դեպքում, երբ իրենք միանգամից 15 տոմս են գնել, ոստիկանները նրանցից 2–ին պահել են, իսկ մյուսներին թույլ տվել մտնել մարզադաշտ։ Քիչ անց, երբ մարզադաշտից նրանք կապ են հաստատել իրենց 2 ընկերների հետ, վերջիններն ասել են, որ իրենց տանում են ոստիկանություն, իսկ ավելի ուշ նրանց բջջային հեռախոսներն անհասանելի են դարձել։

Պարզաբանումներ ստանալու համար «7օր»–ը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանի հետ։ Նա ասել է, որ նույնիսկ չգիտի էլ՝ ինչ ասել, ինքը տոմսերով ընդհանրապես չի զբաղվում։

«7օր»–ը կփորձի դեպքի մանրամասները ճշտել և լրացուցիչ տեղեկացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը